ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների փաստերով մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավար Կարեն Գրիգորյանին` ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդուն։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայտնաբերված չարաշահումները կատարվել են 2015թ.-ի հունվարի 1-ից մինչև 2018թ-ի հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։
Մասնավորապես՝ պարզվել է, որ Կարեն Գրիգորյանը «Երկրապահ կամավորականների միության» հետ իր կապերով ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամներից մեկի խնդրանքին ի պատասխան բանավոր ցուցում է տվել համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» հիմնարկի տնօրենին՝ տվյալ անձին գրանցել որպես տեղամասի պահակ։
Նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, բայց նա աշխատանքի չի հաճախել, քանի որ նույն ժամանակահատվածում պահակ է աշխատել ԵԿՄ տարածքային գրասենյակում։ Էջմիածնի բյուջեից ընդհանուր առմամբ աշխատավարձ ստացել է 4 489 327 ՀՀ դրամ:
Բացի այդ, Գրիգորյանը բանավոր ցուցում է տվել նաև համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին՝ ԵԿՄ անդամին այնտեղ ևս աշխատանքի ընդունելու մասին։
Այս դեպքում ևս նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, և նա, աշխատանքի չհաճախելով, այս հիմնարկից ստացել է ևս 2 193 692 ՀՀ դրամ:
Էջմիածնի քաղաքապետն իր ընտանիքի վարորդին ևս բանավոր ցուցումով աշխատանքի է տեղավորել «Բարեկարգում» հիմնարկում։ Նա ձևակերպվել է որպես քաղաքապետի վարորդ, ապա ավագ վարորդ։ Նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր։ Նա նույնպես աշխատանքի չի հաճախել, բայց նրան վճարվել է 5 544 230 ՀՀ դրամ աշխատավարձ։
Եվ քանի որ հիշյալ անձն այդ ընթացքում Գրիգորյանների ընտանիքի անձնական վարորդն է եղել, նրա փոխարեն քաղաքապետի վարորդ է աշխատել մեկ այլ անձ, որը ձևակերպվել է քաղաքապետարանի Բնակարանային կոմունալ վարչության պետի տեղակալ և ստացել 9.572.927 ՀՀ դրամ աշխատավարձ:
Բացի այդ, Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տանը պահվող կենդանիների հետ աշխատելու և դրա դիմաց վարձատրելու համար բանավոր ցուցում է տվել Բնակարանային կոմունալ վարչության պետին` նախկինում որպես աղբաթափ բանվոր աշխատած անձին աշխատանքի ձևակերպել որպես փողոցի հավաքարար, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր։ Նշված անձը ևս աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է 1 219 362 ՀՀ դրամ գումար:
Իսկ Մանվել Գրիգորյանի թիկնապահին «Բարեկարգում» բյուջետային հիմնարկում նույն կարգով գրանցել են որպես այդ հիմնարկի տնօրենի թիկնապահ և վճարել 440 153 ՀՀ դրամ:
Քննությամբ պարզվել է նաև, որ Կարեն Գրիգորյանի երեխաները ներառվել են նշված համայնքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում, սակայն նրանց համար նախատեսված` 2013-2018թթ. տարեկան ապահովագրավճարները (ընդհանուր 876.440 ՀՀ դրամ), համայնքի ղեկավարի կարգադրությամբ, ապահովագրական ընկերությանը վճարվել է համայնքապետարանի բյուջեից:
Բացահայտված փաստերով մեղադրանքներ են առաջադրվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, «Բնակարանային կոմունալ վարչություն» հիմնարկի նախկին պետին և «Բարեկարգում» հիմնարկի տնօրենին։
Մանվել Գրիգորյանին զրկեցին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Համայնքին պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասամբ վերականգնվել է: