ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու որոշումը։ Այս մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանում կայացած նիստի ժամանակ հայտնեց դատավոր Նարինե Հովակիմյանը։
Մանվել Գրիգորյանն այսօր էլ ներկա չէր որոշման հրապարակմանը` առողջական վիճակից ելնելով։ Նա այժմ «Նաիրի» ԲԿ–ում է. հունիսի 14–ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից Գրիգորյանը տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ:
Պաշտպանները բողոքարկել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2–ի որոշումը։ Պաշտպանական կողմը միաժամանակ միջնորդել էր Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ դրա չափը թողնելով դատարանի հայեցողությանը։
Օրերս Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»` նրա կամքին հակառակ, ինչի հետ կապված էլ պաշտպանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ–ի հունիսի 19-ին։
2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով, ԱԱԾ–ն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Գրիգորյաններին պատկանող առանձնատներում հայտնաբերել էր 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։
Ավելի ուշ ոստիկանությունը խուզարկություն էր կատարել նաև Նազիկ Ամիրյանի եղբոր տանն ու նրա ղեկավարած «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում։ Այստեղ ևս հայտնաբերվել էր զինամթերք։
Նազիկ Ամիրյանը ձերբակալվել էր 2018թ. հունիսի 27-ին։ Ավելի ուշ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։