ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Լեզվի կոմիտեն 22 տնտեսավարողների կողմից «Լեզվի մասին» օրենքի խախտման դեպքերով դիմել է վարչական դատարան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
«Մենք ասում էինք, որ կոմիտեն դատարաններին չի դիմելու, հորդորելու ենք, կոչ ենք անելու, որ տնտեսավարողները շտկեն լեզվի հետ կապված խախտումները։ Դիմել ենք նաև տնտեսավարողներին, որ ուղղեն, շտկեն իրենց ցուցանակները, գովազդը և այլն։ Սակայն տեսանք, որ հորդորները ոչ բոլոր դեպքերում են աշխատում: Եվ մենք դիմեցինք վարույթ հարուցելու տարբերակին»,- ասաց նա։
Գյուրջինյանը հայտնեց, որ տնտեսավարողները տևական ժամանակ չէին արձագանքում ցուցանակները, գովազդները փոխելու իրենց հորդորներին։
«Հարցի արծարծումը կնպաստի, որ հաջորդ մեկը այդ SAS ու Sity-ի պատմությունը չկրկնի։ Մեր ազգային դիմագիծը կորսվում է։ Պետք է պահպանել։ Մարդիկ երանությամբ են դիմում օտար տառերի, դա ուղղակի անհասկանալի է»,– ասաց կոմիտեի նախագահը։
Լեզվի կոմիտեի դիտարկած ամենատարածված խնդիրն այն է, որ ցուցանակներում հայերեն գրառումն ընդհանրապես բացակայում է: Տնտեսավարողները հիմնականում դիմում են օտարալեզու գրառումների:
Քաոսը ներդաշնակության է վերածում. ֆրանսիահայ երգիչը`հայրենիքի, Ազնավուրի հետ դուետի մասին
«Մենք կոչ ենք անում տնտեսավարողներին վերանայել մոտեցումնը հայերենի նկատմամբ, այլապես ստիպված կլինեն 250 հազար դրամն «աչքի առաջ ունենալ»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը` հավելելով, որ նման խախտման համար ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենքն այդքան տուգանք է սահմանում։