Մարիա Նաումենկո, Sputnik
Ավիացիոն համալիրի ինժեներ Ռոման Բայրամյանը զբաղվում է Սու-24, Սու-34 ռմբարկուների սպասարկմամբ։ Առանց նրա թույլտվության Չելյաբինսկի շրջանի «Շագոլ» ռազմական օդանավակայանում, որտեղ վերջերս տեղի են ունեցել օդաչուական-մարտավարական զորավարժություններ՝ ավիացիոն խոցման միջոցների կիրառմամբ, ոչ մի ինքնաթիռ օդ չի բարձրանում։ Sputnik-ին տված հարցազրույցում ավիատեխնիկը պատմեց իր աշխատանքի և իրենց ընտանիքում ընդունված հայկական ավանդույթների մասին։
«Մայրս ռուս է, հայրս՝ հայ։ Նրանք ծանոթացել են Ռուսաստանում, սիրահարվել։ Հայրս որոշում է կայացրել Իջևան քաղաքից տեղափոխվել Ռուսաստան», - պատմում է Բայրամյանը։
Ռոմանը ծնվել է Վոլգոգրադի մարզում, ընդունվել Ստավրոպոլի բարձրագույն զինվորական ուսումնարան։ Երբ ուսումնարանը լուծարել են, բոլոր կուրսանտներին տեղափոխել Վորոնեժ. ապագա ինժեներն արդեն այստեղ է ստացել բարձրագույն կրթություն։ Հետո Ռոմանը ծառայել է Բուրյաթիայում, այնուհետև հայտնվել Չելյաբինսկում։
«Աշխատանքս ավիացիոն տեխնիկան սպասարկելն է։ Ես հետևում եմ ինքնաթիռներին․ստուգում եմ վառելիքային և յուղային համակարգերը, թթվածինը, շարժիչը։ Եթե Սու-ին վերաբերվես անձնական ավտոմեքենայի նման, ապա ավելի արագ կմասնագիտանաս», - պնդում է նա։
Սու-34-ը համեմատաբար վերջերս է մտել Ռուսաստանի Կենտրոնական ռազմական սպառազինության շարքեր՝ 2018թ.-ի սեպտեմբերին։ Ինժեները նշում է, որ Սու-24-ի համեմատ զգալի տարբերություն է կա կործանիչի սպասարկման մեջ ։
«Աշխատելն ավելի հաճելի է․ ագրեգատների նկատմամբ մոտեցումներն ավելի հեշտ են, տեխնիկան նոր է և հետաքրքիր է այն ուսումնասիրելը», - պարզաբանում է Բայրամյանը։
Ռոմանն ընտանիքի միակ զինվորականն է, նա սիրում է իր աշխատանքը, որովհետև այն օգուտ է բերում և հարգանք է վայելում։
«Հայրս հպարտանում է ինձանով։ Ես կրտսեր եղբայր ունեմ, հուսով եմ, որ նա նույնպես զինծառայող կդառնա», - ասում է ինժեները։
Ռոմանը 31 տարեկան է, նա դաստիարակում է երկու դուստրերին, ավագը հայերեն է խոսում։ Ռոմանը խոստովանում է, որ իրեն չի հաջողվում հաճախ այցելել հայրենիք, բայց իրենց ընտանիքը չի մոռանում արմատների մասին և հնարավորության դեպքում այցելում է Հայաստան։
Բայրամյանի խոհանոցում միշտ կարելի է համտեսել հայկական ճաշատեսակներ, որոնցից ամենասիրելին տոլման է։ Ընտանիքում ընդունված է նաև տոնել ազգային տոները, օրինակ` Սուրբ Սարգսի օրը։
Ռոմանը պատմեց, որ ընկերներից ու ծանոթներից դրական կարծիքներ է լսել հայկական խոհանոցի մասին։