ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Երևանի Արցախի պողոտա 4 նրբանցքի 8–րդ և 10–րդ` 4–րդ կարգի վթարային շենքերի բնակիչները կվերաբնակեցվեն։ Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
«Շենքերից վերաբնակեցման ենթակա են 142 բնակարան, որից 81-ը Արցախի 8 հասցեում և 61 բնակարան Արցախի 10 հասցեում են գտնվում։ Եվս 19 բնակարանի բնակիչներ նախընտրել են մնալ շենքում, քանի որ նրանք հասանելիքից ավելի մեծ բնակմակերես են ուզում` լինելով 1-2 հոգանոց ընտանիք»,–ասաց նա։
Փոխքաղաքապետի խոսքով` քաղաքապետարանը շենքում մնացող բնակիչների նկատմամբ որևէ իրավական, գույքային պատասխանատվություն չի ստանձնում, երաշխիքներ ու խոստումներ չի տրամադրում։ Վթարային շենքում մնալ գերադասողները, ըստ նրա, ինքնուրույն են կատարել այդ որոշումը` գիտակցելով առկա վտանգը։
Վերոհիշյալ շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով անհատույց կնվիրվեն բնակարաններ ՝ Շինարարների փողոցի հ. 15, Շինարարների փողոցի հ. 6/1, Մարգարյան փողոցի հ.45, Սիսակյան փողոցի հ. 16 հասցեներում գտնվող նորակառույց և Սիսակյան փողոցի հ. 3 հասցեում նոր կառուցվող բազմաբնակարան շենքերից։
Առանց նպաստի, 31 000 դրամ թոշակով. 65–ամյա կնոջ տունը սկսվում և ավարտվում է ննջասենյակով
Նշենք, որ այս տարի 39 ընտանիք արդեն իսկ կտեղափոխվի նոր բնակարաններ։
Երևանի Արցախի պողոտա 4 նրբանցքի 8–րդ և 10–րդ շենքերը նախկինում հանրակացարաններ են եղել։