Արմենուհի Մխոյան, Sputnik.
Շիրակի մարզում և Գյումրիում առկա երրորդ և չորրորդ աստիճանի վթարայնության կառույցների հարցը դեռ գերխնդիր է: Դրանք ամեն քայլափոխի, քարե ուրվականների պես, հիշեցնում են տեղի ունեցածի մասին:
Այս պահի դրությամբ վթարայինների մասով ծրագիր չկա: «Սա մեծ և բավական լուրջ ֆինանսական ներդրումներ պահանջող խնդիր է: Մարզպետարանը պարբերաբար այդ շենք-շինությունների հարցը ընդգրկում է միջնաժամկետ ծախսային ծրագրերում, սակայն գումարների սղության պատճառով, այն մնում է անլուծելի»,- նշում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Խոսելով առկա վթարային շենքերի վերականգնման կամ քանդման մասին` պատասխանատուն տեղեկացրեց, որ դրանցից յուրաքանչյուրի համար պետք է հարմար տարբերակ ընտրել: «Շենք կա, որ ավելի հարմար է ամրացնել ու վերականգնել, կան նաև այնպիսիները, որոնք ավելի նպատակահարմար են քանդել, և տարածքում նոր շենք կառուցել: Դրա համար միանշանակ չի կարելի ասել թե, որ տարբերակն է ճիշտ»,-ավելացրեց Ալբերտ Մարգարյանը:
Մարզի տարածքում կա երրորդ աստիճանի վթարայնություն ունեցող 118 կառույց, դրանցից 88 բնակելին Գյումրիում են՝ 1920 բնակարանով:
Ու մինչ կառավարությունը գումարներ է «որոնում», այդ կառույցներն այդպես էլ մնում են` ոչ միայն հիշեցնելով երկրաշարժի մասին, այլ նաև մեծ վտանգ ներկայացնելով: