Դերասան, Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անկեղծացել է, պատմել իր անցած ճանապարհի, առաջին բեմի, մասնագիտության հանդեպ ազնիվ լինելու, վախերի, ոգեշնչման աղբյուրի, հիասթափությունների ու ժպիտով ապրելու մասին։ Զրուցել է Աստղիկ Սուքիասյանը։
-Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց ձեր դերասանական ուղին։
- 1999 թվականին, երբ ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ Սոս Սարգսյանի կուրս: Քանի որ Համազգային թատրոնը երիտասարդ կադրերով վերազինվելու կարիք ուներ, ուստի մեր կուրսից շատերը ներգրավվեցին թատրոնի խաղացանկային ներկայացումներում ։ Այդպես էլ քիչ-քիչ սկսեցի զբաղվել դերասանությամբ։ Մինչև թատրոնում հիմնովին հաստատվելը նաև ուսանողական (կուրսային, նախադիպլոմային, դիպլոմային) 20-25 դեր եմ խաղացել :
-Ո՞րն է եղել ձեր առաջին ներկայացումը և ի՞նչ զգացողություններ ունեիք։
- Առաջին ներկայացումս խաղացել եմ հենց 1999 թվականին, երբ դեռ 2 ամսվա ուսանող էի։ «Քանդած օջախ» ներկայացումն էր, որի բեմադրիչը լուսահոգի Գրիգոր Մկրտչյանն էր։ Ճիշտ է` փոքր դեր էր, բայց հաճույքով եմ խաղացել։ Առաջին բեմի զգացողություններիս մեջ գերակշռում էր վախն ու հուզմունքը։ Ինչպես ասում են, «շան պես» վախենում էի (ծիծաղում է): Հենց սկզբից հանդիսատեսը խաղիս դրական արձագանքեց, ու ամեն ինչ ընկավ իր տեղը։
- Ո՞րն է հաջողության հասնելու Ձեր բանաձևը։
- Մասնագիտության հանդեպ ազնվությունը, խաղընկերների հանդեպ հարգանքը:
-Ունե՞ք խաղացած մի դեր, որը հոգեհարազատ է ձեզ, նման է ձեր էությանը։
- Կան շատ դերեր, որոնք խաղացել եմ ու հոգեհարազատ են ինձ։ Անգամ կարոտում եմ ու ափսոսում, որ քիչ եմ խաղացել։ Շատ կուզեի կրկին խաղալ «Արտավազդ-Շիդար» ներկայացման մեջ Արտավազդի դերը։ Շատ կուզեի խաղալ «Համլետ» ներկայացման մեջ մեծ սենեկապետ Պոլոնիուսի դերը, որն այդպես էլ հանգամանքների բերումով չստացվեց խաղալ։
- Մանկության ամենաբարի հիշողությունը։
- Տատս իր ողջ էությամբ։ Նա իսկապես իմ մանկության ամենաբարի հիշողությունն է։
- Ո՞րն է ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։
- Երեխայի պես խռովկան եմ։ Դա ինձ երբեմն խանգարում է։
- Ձեր ամենամեծ թերությունը։
- Մարդկանց չափից դուրս վստահելը։
- Ինչի՞ց եք վախենում։
– Վախենում եմ, ավելի շուտ զգուշանում եմ կոպիտ սխալներ գործելուց։ Մենակ մնալուց եմ վախենում։ Ես քույր ու եղբայր չունեմ։ Գիտեմ, թե ինչ է նշանակում մենակ լինելը։ Ճիշտ է` մենակ լինելն իր առավելություններն էլ ունի, բայց սարսափելի զգացում է մենությունը, երբ մտքերդ կիսող չկա, քեզ հասկացող չկա, երբ պետք է կարևոր որոշում կայացնես, բայց կողքիդ մարդ չկա։
- Ի՞նչ է ձեզ համար փողը։
- Փողը ապրելու համար անհրաժեշտություն է ։
- Ինչի՞ մասին եք մտածում, երբ մենակ եք։
- Իմ մանկության։
- Ի՞նչը կարող է ձեզ նյարդայնացնել։
- Հեռախոսազանգը։
-Ինչի՞ց կարող եք հիասթափվել։
- Ես ծայրահեղական մարդ եմ։ Կա՛մ նվիրվում եմ մինչև վերջ, կա՛մ մարդն ինձ համար գոյություն չունի։ Կարող եմ հիասթափվել, երբ նվիրվել եմ մի մարդու, վստահել եմ նրան և հանկարծ իմ հանդեպ վատ արարք է անում, կամ լսում եմ շշուկներ ու հասկանում, որ նա ամենևին էլ իմ պատկերացրածը չէր։
- Ձեր ոգեշնչման աղբյուրը։
- Մանկությունս։
- Ինչի՞ համար եք ափսոսում:
- Ափսոսում եմ, որ թողել եմ հայրական տունս ու եկել եմ Երևան։
- Մարդկանց մեջ ի՞նչը չեք ընդունում։
- Բանսարկությունը, սուտը, որն ամենևին էլ խաբելը չէ։ Խաբելն աստիճաններ ունի, ու երբ տատանվում են մի աստիճան վերև, թե մի աստիճան ներքև, դա դեռ ընդունելի է, բայց երբ հասնում են գագաթնակետին, նողկալի սուտ է դառնում։
- Ի՞նչ եք սիրում կարդալ, կա՞ գիրք, որ փոխել է ձեր պատկերացումները։
– Ես խոնարհվում եմ հատկապես հայ հեղինակների առջև, բայց կարող եմ առանձնացնել երկուսին՝ Հովհաննես Թումանյան և Համո Սահյան։ Նրանք իմ ամենօրյա ընկերներն են, իմ հացն ու աղն են։ Իսկ պատկերացումներս կյանքի հանդեպ փոխվել է Նարեկացու շնորհիվ։
- Ֆիլմ, որը դիտելուց երբեք չեք հոգնի։
- Սթիվեն Սիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմը, ռեժիսոր Հենրիկ Մալյանի «Մենք ենք մեր սարերը», ռեժիսոր Գրիգորի Դանելիայի «Մի վշտանա» («Не горюй») ֆիլմը։
- Ի՞նչ երաժշտություն եք լսում։
- Նայած տրամադրության։ Երբեմն Բախ ու Մոցարտ եմ լսում, երբեմն էլ` Վիսոցկի։
- Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։
- Էլի Թումանյանին պետք է հիշեմ․ «Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ»:
Մի պատմություն պատմեմ։ Երկու տարեց, մտերիմ ընկերներ են լինում։ Առավոտյան, երբ մի ընկերը դուրս է գալիս բակ, որ մյուսին կանչի, դուրս է գալիս կինն ու ասում, որ գիշերը ամուսինը մահացել է։ Մտերիմ ընկերը տխրում է ու ասում․ «Ափսոս, բան ունեի ասելու»․․․
Ինձ միշտ հետաքրքրում է, թե նա ինչ պետք է ասեր։ Գուցե ներողություն պետք է խնդրեր կամ գուցե շնորհակալություն պետք է ասեր։ Ես երբեք չեմ փորձում իմ ճշմարտությունն ուրիշի վզին փաթաթել, որովհետև երկու հոգի վիճում են, փորձում են իրենց ճիշտն իրար ապացուցել, իսկ առավոտյան նրանցից մեկը մեռնում է։ Քանի կոպեկ արժեր այդ կռիվը, այդ մարդուն ճնշելն ու նեղացնելը։ Ոչ ոք չգիտի, թե իր կյանքը որտեղ կավարտվի։ Ապրեք ժպտալով։
– Ունե՞ք իր, որը միշտ ձեզ հետ է:
– Զարդեր չեմ դնում, բացի ամուսնական մատանուց։ Թալիսմաններ չունեմ, միայն մեքենայիս մեջ մի քորոց կա, որ տատս էր օրհնել ու փակցրել, որ ինձ չար աչքից պաշտպանի։