«Ինչ-որ կոլապս է... Ի սկզբանե նշեմ` չեմ ուզում, որպեսզի ինչ–որ մեկին թվա, որ ես և իմ փաստաբան գործընկերները դեմ ենք երկրում դատական կառուցվածքի բարելավման գործընթացներին։ Նույնիսկ դեմ չեմ բուն վեթինգին, որի մասին վերջին շրջանում խոսում են բոլորը։ Դե, իհարկե, մեզ համար անսովոր տերմին է, սակայն իրականում փոփոխությունները հասունացել են, դրանք ուղղակի անհրաժեշտ են։ Դրանք պարտադիր են»,–ասում է Ռշտունին։
Նա հիշեցնում է, որ դեռ 2013թ.–ին փաստաբանները, գործադուլ էին հայտարարել։ Իրենց դժգոհությունն առաջին հերթին պայմանավորված էր Վերաքննիչ դատարանի գործողություններով, որովհետև այդ կառույցի աշխատանքի ինչ–որ հիմնարար սկզբունք չկար։ Խոսքը ոչ թե վերաքննիչ դատարանի գործողությունների, այլ անգործության մասին էր։ Փաստաբանի խոսքով` նույն իրավիճակներում այդ մարմինը կարող էր կայացնել տրամագծորեն հակառակ որոշումներ։ Մի խոսքով` այդ կարևորագույն մարմնի գործողություններում ոչ մի տրամաբանություն չկար։
«Ի սկզբանե ենթադրվում էր, որ իշխանափոխությունից հետո դատական համակարգում պետք է տեղի ունենան կոնկրետ փոփոխություններ։ Մեկ այլ հարց է, որ ես կտրականապես դեմ եմ այն մեթոդներին, որոնք սկսել են կիրառել։ Ավելի կոնկրետ` ի՞նչ է նշանակում կոչ անել մարդկանց, որ արգելափակեն դատարանների դռները։
Որքան էլ արդարանան` ասելով, որ այդ քայլով ճնշում չեն գործադրում դատարանի վրա, մենք հասկանում ենք, որ դա այդպես չէ։ Դա չէր լինի ճնշում դատարանի վրա, եթե ժողովուրդն ինքնաբուխ, ինքնուրույն գնար այդ քայլին։ Բայց այդպես չի եղել, այնպես չէ՞։ Հնչել է կոչ, ընդ որում դա եղել է երկրի ղեկավարի կոչը։ Եվ որքան էլ նրա գործընկերները մեկնաբանեն, որ նա տվյալ դեպքում ելույթ է ունեցել ոչ թե որպես վարչապետ, այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, դա այդպես չէ»,–ասում է Ռշտունին։
Փաստաբանը նշում է, որ այդ կոչը ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, եթե նման հայտարարություն աներ ինչ-որ ընդդիմադիր ուժ, բայց իշխանության ներկայացուցի՞չը։