ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. «Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցությունն այսօր` մայիսի 18-ին, հիմնադիր համագումար անցկացրեց։ Կուսակցությունն աշխատելու է ժողովրդավարությունն ամրապնդելու, նոր քաղաքացիական և պետական մտածողություն ձևավորելու ուղղությամբ։
Ինչպես հայտարարեց կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական կյանքը հիմնականում կառուցված է եղել «ընդդեմ» գաղափարախոսության վրա։
Ինչ վերաբերում է Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին, ապա, նրա խոսքով, անվերջ պայքար է ընթանում ներկայի ու անցյալի միջև, ինչը թույլ չի տալիս ձևավորել ապագայի օրակարգը։
Ղազինյանը նշեց, որ նախորդ իշխանություններին կարելի է անվերջ քննադատել, մեղադրել բոլոր դժվարություններում և դրա վրա ձևավորել, հասունացնել քաղաքական կապիտալ, սակայն պետք է ընդունել, որ այդ քաղաքական կապիտալը նմանվում է ավազի, որն անընդհատ հոսում է:
«Դա ցեմենտավորված ու ամրապնդված չէ ապագային միտված կառուցողական քաղաքականությամբ», - ասաց Ղազինյանը։ Նրա խոսքով՝ իրենք փորձ են արել ձևավորել մի իրողություն, որտեղ քաղաքականությամբ կզբաղվեն իրենց ոլորտներում հաջողված, ճանաչված, հարգված մարդիկ, որոնք ունեն ինտելեկտուալ մեծ պոտենցիալ, ունեն փորձագիտական և ակադեմիական լուրջ բազա և կարող են իրենց գիտելիքներն ու փորձը ներդնել ՀՀ–ի ապագայի տեսլականի ձևավորման մեջ։
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ Ղազինյանը նշեց, որ կուսակցությունը սկզբունքային է համարում Արցախի ժողովրդին միջազգային իրավունքով տրված ինքնորոշման իրավունքի ճանաչումը և անվտանգության երաշխավորումը։ Նրա կարծիքով՝ հակամարտությունը պետք է դիտարկել որպես տարածաշրջանային հարց։
Ղազինյանը նշեց, որ մինչև պարզ չլինի, թե ինչ կլինի տարածաշրջանում առաջիկա 10-20 տարիներին, ոչ մի զիջումների մասին չի կարելի խոսել։ «Մադրիդյան սկզբունքները», Ղազինյանի խոսքով, հնացել են և անընդունելի են։
«Դրանք պետք է լրացնել։ Պետք է պարտադիր բաղադրիչ ունենա նաև հետկոնֆլիկտային իրավիճակի նկարագրությունը, որին համաձայնություն կտան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև մեր բարեկամ Իրանը, ապա նաև Եվրոպական միությունը, Չինաստանն ու ԱՄՆ–ն», - ասաց Ղազինյանը։
Նա չբացառեց մյուս կուսակցությունների և ուժերի հետ համագործակցության հնարավորությունը, քանի որ դրանցից յուրաքանչյուրը պետք է իր ավանդն ունենա երկրի զարգացման գործում։
Արդեն համագումարից հետո լրագրողների հետ զրույցում Ղազինյանը նշեց, որ ներկա իշխանությունն օրակարգ չունի։ Նրա կարծիքով` եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հասներ զգալի հաջողությունների, ապա «100 փաստը» ներկայացնելու անհրաժեշտություն չէր լինի։
Ինչ վերաբերում է կուսակցության ֆինանսավորմանը, ապա նա նշեց, որ որոշակի գումարներ են տրամադրել «գաղափարակից ընկերները», որոնք պատրաստ են աջակցել Հայաստանի ամրապնդմանը։ Նա չցանկացավ անուններ ասել՝ նշելով, որ գրանցումից հետո կհրապարակվի ֆինանսական հաշվետվությունը։
Նշենք, որ համագումարին ներկա էին նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և ուրիշներ:
Ղազինյանը նշեց, որ հրավիրել է բոլոր կուսակցություններին, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքին (այնտեղ հաստատել են, որ ստացել են հրավերը)։ Այն փաստը, որ իշխող դաշինքը չի ընդունել հրավերը, նոր կուսակցության առաջնորդը գնահատեց որպես «քաղաքական մշակույթի բացակայություն»։