Բայց սկսենք 27 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի մայիսի 18-ին տեղի ունեցած հիրավի պատմական իրադարձության մասին նշումով:
Հայ ազատամարտիկները, զարգացնելով Շուշիի ազատագրումից հետո շարունակվող ռազմական գործողությունները և հետապնդելով հակառակորդի խուճապահար ուժերին, մայիսի 18-ին ազատագրեցին Բերձորը (նախկինում՝ Լաչին):
Շարունակելով առաջխաղացումը, մեր ազատամարտիկները, փաստացի ճեղքեցին շրջափակման օղակը, և Արցախը ցամաքային ճանապարհով նորից միացավ Հայաստանին: Գործնականում վերջ տրվեց դրանից մոտ 70 տարի առաջ «գծված», Արցախն արհեստականորեն անկլավի վերածող անարդարությանը:
Եթե հայացք նետենք միջազգային անցուդարձին, ապա անկասկած պետք է նկատենք, որ մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է, որ նշվում է՝ սկսած 1977 թվականից: Այս հրաշալի օրը արդեն ավանդական ու տոնական է դարձել մեր երկրում: Եվ դա բնական է, չէ՞ որ Հայաստանը տեղով թանգարան է բաց երկնքի տակ: Ինչ-ինչ, բայց թանգարանների պակասություն Հայաստանում չկա: Մայիսի 18-ին նաև ավանդական «թանգարանային գիշերն» է անցկացվում, երբ մինչև կեսգիշեր թանգարանների դռներն անվճար բաց են այցելուների համար:
Ստուգեք ձեր հեռախոսի կարճ հաղորդագրությունների (SMS) արկղիկը, մշակույթի նախարարությունը ծրագիրը պետք է որ ուղարկած լինի:
Նոր տոմարով՝ մայիսի 18-ին է ծնվել թատրոնի և կինոյի սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանը (Տեր-Խաչատրյան, 1897-1978):
Մայիսի 18-ին են ծնվել պատմական այնպիսի կերպարներ, ինչպես ասենք Ռուսական կայսրության վերջին գահակալ Նիկոլայ Երկրորդը (1868-1918) և Հռոմի 264-րդ պապ Հովհաննես-Պողոս Երկրորդը (1920-2005):
Իսկ ահա մեր սիրելի Վիլյամ Սարոյանը, ում, վստահաբար, հատուկ ներկայացնելու անհրաժեշտություն չկա, երկրային ուղին ավարտել է մայիսի 18-ին (1908-1981):
Պատմական բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել պատմության այս օրը: Բազմազան:
Օրինակ, իսպանացի գաղութարար զավթիչները 1781թ. մայիսի 18-ին Կուսկոյում (Պերու) ի կատար են ածել բնիկ հնդկացիների ամենախոշոր ապստամբության առաջնորդ Տուպակ Ամարու Երկրորդի (հայտնի է նաև Խոսե ԳաբրիելԿոնդորկանկի Նոգերա անվամբ) մահապատիժը:
Իսկ, օրինակ, 1703 թվականին ռուսական տորմիղը հաղթանակ է տարել շվեդական երկու խոշոր ռազմանավի դեմ ծովամարտում: Եվ մայիսի 18-ին նշվում է Ռուսաստանի Բալթյան նավատորմի հիմնադրման տարեդարձը:
Համեմատաբար ավելի մոտ ժամանակներ. 1888 թվականի մայիսի 18-ին ԱՄՆ-ում առաջին անգամ հանրությանը ներկայացվել է գրամոֆոնի ձայնասկավառակը:
Մայիսի 18-ին է ծնվել միջնադարյան հանրահայտ պարսիկ մտածող, մաթեմատիկոս ու բանաստեղծ Օմար Խայամը (1048-1131): Խայամի ստեղծագործությունները սիրվել և գնահատվել են նաև հայ ժողովրդի կողմից, արվել են բազմաթիվ թարգմանություններ: Ինչպես, օրինակ, այս քառյակը, որով էլ ամփոփում ենք այսօրվա անդրադարձը.
Դրախտն,- ասին ,-հուրիներով է անուշ,
Ես ասի՝ լոկ խաղողի հյութն է անուշ:
Առ կանխիկն ու ապառիկից ձեռք քաշիր -
Հեռվից է լոկ դհոլի ձայնը անուշ...