Մայիսի 11-ը, օրինակ, Արդար առևտրի համաշխարհային օրն է: Դա համանուն կազմակերպությունն է հռչակել՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել տարատեսակ ապրանքների արտադրության ժամանակ երեխաների կամ կախյալ անձանց (ստրկական աշխատանք) շահագործման պրոբլեմների վրա:
Բացի այդ, մայիսի 11-ը համարվում է նաև Չվող թռչունների համաշխարհային օրը: Տարվա ընթացքում, ինքնին հասկանալի է, 2 օր է առանձնացվում՝ մայիսին և հոկտեմբերին: Հիմնական նպատակը չվող թռչունների բնադրման վայրերի, գոյության բնական պայմանների պահպանումն է, այդ առումով օրեցօր սրվող խնդիրների վրա մարդկանց ու պետությունների ուշադրությունը հրավիրելը:
Այս տարի ստացվել է այնպես, որ Աստղագիտության օրն էլ է համընկել մայիսի 11-ին: Դե, սա արդեն որոշակի իմաստով նաև հայկական տոն է՝ հաշվի առնելով մեր մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի և նրա գիտական ժառանգորդների, այդ թվում՝ Բյուրականի աստղադիտարանի պարագան:
Այսինքն այսօր նաև մեր երկրի աստղագետների մասնագիտական տոնն է:
Իսկ եթե նայենք պատմության խորքը, ապա կարելի է առանձնացնել, օրինակ, Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի օծումը, որ տեղի է ունեցել 330 թվականի մայիսի 11-ին:
Մեզ ավելի մոտ ժամանակներից կարելի է հիշատակել ֆաշիստական Գերմանիայի օդուժի կողմից Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ռմբակոծումը, որի հետևանքով, 1941 թվականի այս օրը ամբողջովին ավերվեց Լոնդոնի Քուինս-հոլլ համերգասրահը:
Հավելենք, որ 1949 թվականի մայիսի 11-ին էլ Իսրայելը դարձավ ՄԱԿ-ի անդամ:
Իսկ ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին, ապա մայիսի 11-ին են ծնվել իրանահայ ազատամարտիկ Հարմիկ Հովսեփյանը, որ Արցախի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ է, դերասանուհի և ռեժիսոր Լիլի Էլբակյանը:
Մայիսի 11-ին ծնվել է նաև սուրդոմանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու Վաչագան Խալաթյանը (1932-2004), որը լուրջ ներդրում ունի հատուկ ուսուցման համակարգի զարգացման բնագավառում, նրա աշխատասիրությամբ հրատարակվել են «Հատուկ մանկավարժության բառարանը», «Հայկական ժեստերի լեզվի բառարանը» և ««Խոսող ձեռքեր» հայկական ժեստերի լեզվի բառարան» ուսումնաօժանդակ ձեռնարկները:
Արդեն ուղիղ 10 տարի է, ինչ մեզնից հեռացել է Հայաստանի մշակութային կյանքում անուրանալի ու անջնջելի հետք թողած արվեստաբան, արվեստի վաստակավոր գործիչ և մեծ հեղինակություն վայելող Հենրիկ Իգիթյանը (1932-2009), որի երկրային ուղին ավարտվեց մայիսի 11-ին: Մարդ, որն աշխարհին ու արվեստասեր հասարակայնությանը, կարելի է ասել՝ ներկայացրեց բազմաթիվ նկարիչների…
Հենրիկ Իգիթյանի վաստակը հաստատ օրացուցային 1-2 տողով ներկայացնելու չէ: Ուստի ընդգծենք հիմնականներից մի քանիսը՝ 1970 թվականին նախաձեռնեց ու հիմնադրեց «Գեղագիտության ազգային կենտրոնը», ավելի ճիշտ՝ նախադեպը չունեցող մեր «Մանկական պատկերասրահը», որն այդ կենտրոնի հենքը դարձավ:
Գեղագիտության ազգային կենտրոնը արժանիորեն կրում է հիմնադրի անունը:
Մասնագիտական ու քաղաքացիական խիզախում էր նաև Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրումը, որին հասնելու համար Հենրիկ Իգիթյանը հսկայական ջանքեր է գործադրել և այդ հարցում նրան մեծ աջակցություն է ցուցաբերել 1970-ական թվականներին Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը:
Իսկ թե ինչպես է խորհրդային «ամենալճացած» ժամանակներում ԽՍՀՄ-ում նման թանգարան բացվել, դա առհասարակ մեծ և այլ պատմություն է:
Հավելենք, որ մայիսի 11-ին ծնվել են Սալվադոր Դալին, Էտել Վոյնիչը, Բոբ Մարլին և, չեք պատկերացնի, բայց իրականում գոյություն ունեցած Կարլ Ֆրիդրիխ Իերոնիմ Մյունհաուզենը (1720-1797):