ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Եթե այսօր` հեղափոխությունից հետո, ժողովուրդն իր բարեկեցության մեջ փոփոխություն տեսնում է, ուրեմն` ամեն ինչ «օքեյ» է, հրաշալի է։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` խոսելով երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստի մասին։
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանն, իր պաշտոնավարման 1 տարին ամփոփելով, 100 փաստ–փոփոխություն ներկայացրեց այն մասին, թե ինչ է արվել 1 տարվա ընթացքում ։
«Ես վարչապետի հայտարարությունը չեմ լսել, 100 փաստերը նույնպես չեմ լսել, ու կդժվարանամ հիմա ինչ–որ բան առանձնացնել` ինչ է արվել ու ինչ չի արվել։ Սակայն կասեմ հետևյալը` հարցրեք ժողովրդին, և եթե ժողովուրդն իր ընտանիքում, ապրելակերպում տեսնում է փոփոխություն, ես կողջունեմ դրանք։ Եթե ժողովուրդը փոփոխություններ չի տեսնում, ապա այդ ժամանակ քանի փաստ էլ հրապարակվի` կարևոր չէ»,–ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով` եթե ժողովուրդը փոփոխություններ չի տեսնում, ուրեմն` բոլորը դեռ շատ անելիքներ ունեն։
Հարցին, թե Զոհրաբյանն ինքը տեսնո՞ւմ է նման փոփոխություն` նա պատասխանեց, որ, իհարկե, ոչ, նման փոփոխություններ չի տեսնում։ Նա նշեց, որ իր համար կարևորն այն է, որ քաղաքական հեղափոխություն եղավ։