Գեներալ–մայոր Վրեժ Գաբրիելյանը նշում է, որ ջրերի մակարդակի բարձրացում և վտանգավոր ելքեր սովորաբար լինում են մայիսի վերջին և հունիս-հուլիսին։
«Այս տարի այդ պրոցեսն արդեն սկսվել է, բայց կրիտիկական պահեր չկան, պրոցեսը կառավարվում է։ Մոնիտորինգ է իրականացվում։ Եթե լինի կրիտիկական պահ, բնակիչներին կզգուշացնեն»,- ասաց Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ այժմ պետք է ափամերձ տարածքների բնակիչները զգույշ լինեն և պաշտպանված։
Գաբրիելյանը անհրաժեշտ է համարում հնարավորության դեպքում գետերի հուները խորացնել, ափամերձ թմբապատերի խնդիրը լուծել, որպեսզի ջուրը չկարողանա դուրս գալ պատերից և վնասի մարդկանց հողատարածքները, տնամերձ տարածքները կամ տները։
Նշենք, որ վերջին օրերին Հայաստանում անընդհատ անձրև է տեղում, որոշ հատվածներում` ինտենսիվ: Պատճառը Պարսից ծոցից թափանցած տեղումնաբեր ցիկլոնն է։
ԱԻՆ–ն ավելի վաղ զգուշացրել էր, որ մինչև ամսի 5-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ:
