ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՅԴ օրակարգում իշխանափոխության խնդիր չկա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի նորանշանակ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` հերքելով մամուլում տարածված լուրն այն մասին, թե ՀՅԴ–ն պատրաստվում է անվստահություն հայտնել Փաշինյանին և բանակցում է ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» հետ։
Ըստ Սաղաթելյանի` ՀՅԴ–ն ազատ է իր գործողություններում այս կամ այն քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցում։
«Մենք ունենք մեր քաղաքական հարցերը, մեր օրակարգը։ Մենք բաց ենք բոլոր կուսակցությունների հետ համագործակցության համար։ Բայց մեր օրակարգում իշխանափոխություն չկա», – նշեց նա։
Այդուհանդերձ, ՀՅԴ–ն կարծում է, որ իշխանությունն Արցախի հարցում վարում է անորոշ, անհասկանալի քաղաքականություն։ Մինչև հիմա երկրի կառավարությունը հստակ դիրքորոշում չի ներկայացրել այն մասին, թե ինչպես է պատկերացնում խնդրի լուծումը։
Սաղաթելյանի խոսքով` երկրի իշխանությունը նաև երկրի սոցիալ–տնտեսական զարգացման կոնկրետ ռազմավարություն չի ներկայացրել։
Կուսակցությունը խոստանում է մանրադիտակի տակ զննել իշխանության յուրաքանչյուր քայլը` հետևողականորեն պաշտպանելով բնակչության սոցիալապես խոցելի խավերի շահերը։