ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) 2019 թվականին Հայաստանի տնտեսական զարգացման 5,3% աճ է կանխատեսում։ Տվերի մարզում եվրասիական ԶԼՄ–ների երկրորդ կոնգրեսի ժամանակ այս մասին ասաց ԵԶԲ ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Անդրեյ Պետրոսյանը։
Նրա խոսքով` 2015 թվականին Հայաստանի և Ղրղըզստանի ԵԱՏՄ անդամակցությունը համընկավ ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության և մասնավորապես ԵԱՏՄ երկրների զարգացման ոչ այնքան բարենպաստ ժամանակահատվածի հետ։ Տարատեսակ ներքին ու արտաքին բացասական գործոնների թվում էին դրամական փոխանցումների ծավալների նվազումը, կապիտալի հոսքերի անկայունության ավելացումը և այլն։
«Այս ամենը չէր կարող չնվազեցնել ինտեգրման դրական ազդեցությունը Հայաստանի և Ղրղըզստանի տնտեսությունների համար։ Այնուամենայնիվ, երկրները վատ արդյունքներ չեն ցուցադրել։ 2017 թվականից ի վեր Հայաստանի և Ղրղըզստանի տնտեսությունները աստիճանական վերականգնում են ցուցադրել», – ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ նկատվում է արդյունաբերական արտադրանքի և վերամշակող ոլորտների մասնաբաժնի աճ, ապրանքաշրջանառության ավելացում, աղքատության մակարդակի աստիճանական նվազում։
Միությանն անդամակցելու շնորհիվ երկրներում աճում է բեռների և ուղևորափոխադրումների շրջանառությունը, նվազել է ռուսական գազի գինը, լայնածավալ աշխատանքներ են տարվում տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։
«Մեր կանխատեսումների համաձայն` Հայաստանում տնտեսական աճը 2019 թվականին 5,3% –ի մակարդակում կլինի։ Միությանն անդամակցելը Հայաստանին նոր հնարավորությունների հասանելիություն ապահովեց ազգային տնտեսության աճի համար և թույլ տվել խուսափել մի շարք արտաքին տնտեսական գործոնների բացասական ազդեցությունից», – ասաց Պետրոսյանը։
Նրա կարծիքով` դա հնարավոր դարձավ նաև Հայաստանին անհրաժեշտ բնական պաշարների և հումքի (որոնք ազատված են արտահանման տուրքերից և սակագնային սահմանափակումներից) համեմատաբար ավելի շահավետ գների, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների շարժի ազատականացման արդյունքում այլ արտոնություններ ստանալու շնորհիվ։
Եվրասիական ԶԼՄ–ների երկրորդ կոնգրեսը մեկնարկել է ապրիլի 24-ին և կավարտվի ապրիլի 26-ին։ ԵԶԲ–ի կազմակերպած միջոցառումն անցկացվում է ՌԴ Տվերի մարզի Կոնակովո քաղաքում։ Կոնգրեսին մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների առաջատար ԶԼՄ–ների շուրջ 70 ներկայացուցիչ, ինչպես նաև բանկի ղեկավարությունը, ԵԱՏՀ ներկայացուցիչներ, փորձագետներ։