ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. 5000 դրամի դիմերեսին պատկերել ենք Վիլյամ Սարոյանին, որի ֆոնին հատվածներ են «Նռնենիներ» պատմվածքից, գրքերի նկարազարդումներ, հայկական լեռների ու նռնենիների պատկերներ: Իսկ դարձերեսին Վիլյամ Սարոյանի արձանն է Երևանում, որի ֆոնին Սարոյանի նախնիների համայնապատկերն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԿԲ մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը։
Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ նոր 5000 դրամանոց թղթադրամի վրա պատկերված է մահմեդական պաշտամունքային մի կառույցի` Շերեֆ խան Դ-ի դամբարանը:
«Հայաստանի Կենտրոնական բանկը երրորդ սերնդի թղթադրամները շրջանառության մեջ դնելուց առաջ հրապարակել է դրանց նկարագրությունը ԿԲ–ի կայքում: Կոնկրետ 5000 դրամի դիմերեսին պատկերել ենք ամերիկահայ մեծ գրող Վիլյամ Սարոյանին: Թղթադրամի դարձերեսին Վիլյամ Սարոյանի արձանն է Երևանում, որի ֆոնին Սարոյանի նախնիների՝ Բաղեշի 20-րդ դարասկզբի համայնապատկերն է»,- ասաց Կբեյանը։
Ըստ նրա` հուշարձանագետի գրառումը հուզական երանգավորում ունի, մինչդեռ ԿԲ–ն ոչինչ չի գովազդում:
Կբեյանը հայտնեց նաև, որ երրորդ սերնդի թղթադրամները մշակվել են 2 տարի առաջ։
«Ստեղծվել է գեղարվեստական խորհուրդ, որը համագործակցել է տարբեր մասնագետների հետ: Հայտարարվել է էսքիզների մրցույթ. շատ տարբեր առաջարկներ են եղել՝ մեկից ընտրել են դիմերեսը, մեկից՝ դարձերեսը, մի տեղից՝ ընդհանուր տեսքը։ Հետո այն ուղարկել են գերմանական մի ընկերություն, որն էլ տենդերում հաղթել է երրորդ սերնդի թղթադրամների տպագրությունը»,- ասաց ԿԲ մամուլի խոսնակը։
Նշենք, որ հուշարձանագետի գրառումը սոցիալական կայքերում քննարկման առարկա էր դարձել։