ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik, Արամ Գարեգինյան. «Գազալցակայաններում գազը թանկացել է», – ասում են ոմանք։ «Ավելի թանկ ենք վաճառում, փոխարենն ավելի շատ ենք ներմղում», – առարկում են լցակայաններում։ Ո՞վ է ճիշտ, ո՞վ է մեղավոր (եթե ինչ–որ մեկը մեղավոր է)։ Բանը հասավ այնտեղ, որ հարցը քննարկվեց կառավարության նիստում։
Զարմանալի չէ. Հայաստանում ավտոմեքենաների ավելի քան 80 տոկոսը սեղմված գազ է վառում։
Փետրվարին կառավարությունում հայտարարեցին, որ գազալցակայանները պետք է կիլոգրամներով սեղմված գազ վաճառեն, այլ ոչ թե խորանարդ մետրով։ Ապրիլից որոշ գազալցակայաններում վարորդներից ավելի շատ գումար են վերցնում, քան նախկինում։
Գազալցակայանները պետական մարմիններին այդպես են բացատրում հարցը. ոչ մի կիլոգրամ չկա։ Նրանք ինչպես վաճառել են խորանարդ մետրերով, այդպես էլ շարունակում են վաճառել։ Չէ որ եթե վաճառեն կիլոգրամներով, ապա հաշվետվության հետ կապված հարցեր կծագեն։ Գազալցակայաններում վճարում են գազի ակցիզային հարկ (ինչպես բենզինի)։ Իսկ ակցիզը հաշվարկելու միավորը խորանարդ մետրն է, այլ ոչ թե կիլոգրամը` 25 հազար դրամ հազար խմ համար։
Բայց հարցը նույնիսկ դա չէ։ Իհարկե, կիլոգրամը խմ–ից թանկ է, որովհետև բնական գազի 1 խմ–ը կշռում է մոտ 710 գրամ։ Պարզ է, որ կիլոգրամը պետք է ավելի թանկ արժենա, քան 710 գրամը։
Այսինքն, ինչպես Կարցևի մոտ, եթե երեկ խեցգետինները փոքր էին, բայց երեք ռուբլով, ապա հիմա մեծ են, բայց հինգ ռուբլով, և ստացվում է, որ խեցգետինները չեն թանկացել։
Գազալցակայանների աշխատակիցները հավաստիացնում են, որ գազը նույնիսկ խմ–ով չի թանկացել։ Ուղղակի սառը գազ են լիցքավորում, այլ ոչ թե տաք։ Դա ի՞նչ է նշանակում։
«Սառը գազը» Հայաստանի գազալցակայաններում ամենասիրելի գովազդային գրություններից է։ Դա նշանակում է, որ այստեղ գազը սառն են պահում, և մի խորանարդ մետրում դուք ավելի շատ գազ կստանաք։ Իսկ եթե գազը չի սառեցվում, ապա մեզ խաբում են, որովհետև տաք գազը նոսր է, և մի խմ–ում դուք ավելի քիչ եք ստանում։
Նրանց խոսքով` Շուկայի վերահսկողության տեսչությունը խստորեն հետևում է, որպեսզի գազը տաք չլինի։ Ուստի լցակայաններում այն սառն է, և մի բալոնի մեջ ավելի շատ է տեղավորվում։ Այսինքն ամբողջ բալոնը լցնելն ավելի թանկ կլինի, բայց խորանարդ մետրն ավելի շատ կլինի։ Իսկ մեկ խմ–ը նախկինի նման նույն գինն ունի։ Ուղղակի հիմա այն սառն է և խիտ։
Իսկ կարո՞ղ է արդյոք շուկայի տեսչությունը տեղում` գազալցակայանում, ստուգել գազի ջերմաստիճանը։ Համատարած նման ստուգումներ չեն անցկացվում (բարդ տեխնիկա է անհրաժեշտ)։ Հիմնականում ստուգումը սահմանափակվում է վիզուալ դիտումով։ Իսկ ստուգման անկետայի կետերից մեկը պահանջում է, որպեսզի գազը վաճառեն կիլոգրամներով։
Ստացվում է, որ գազալցակայանների համար տեխնիկական կանոնակարգը պահանջում է գազը վաճառել կիլոգրամով, իսկ Հարկային օրենսգիրքը ակցիզը հաշվում է խորանարդ մետրից։
Ճիշտ է, կան կիլոգրամները խորանարդ մետրի վերածելու գործակիցներ։
Դրանք սահմանել է «Գազպրոմ Արմենիան» և, ամենակարևորը, դրանց հավանություն է տվել Պետեկամուտների կոմիտեն։ Ստացվում է, որ արդեն հիմա կարելի է կգ–ով գազ ներմղել։ Իսկ հետո հարկային հաշվետվության համար կգ–ն վերածել խմ–ի։ Դրա համար կա համապատասխան գործակից։
Այդ դեպքում ինչո՞ւ դա չեն օգտագործել։ Դա ոչ միանշանակ հարց է։ Մի քանի գազալցակայաններ վիճարկել են վերջին հարկային ստուգումները և պատրաստվում են բողոքարկել դրանք դատարանում։
Ավելի ուշ կփորձենք պատմել, թե նրանք ինչից են դժգոհ։ Իսկ առայժմ մի քիչ սպասենք և տեսնենք, թե ինչ կասեն վարորդները։ Իսկապե՞ս նրանց ավտոմեքենաները լիցքավորվում են սառը գազով և իսկապե՞ս վառելիքն ավելի երկար է հերիքում, քան թե նախկինում։ Եթե այո, ապա մեկ խմ–ն չի թանկացել։ Իսկ եթե գազն իրականում նույնքան տաք է, ապա դրա շուրջ վեճերն ավելի կթեժանան։