ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. ՀՀ քաղաքաշինության կոմիտեն այսուհետ կգլխավորի Վահագն Վերմիշյանը:
Այս մասին այսօր հայտարարվել է ՀՀ կառավարության հերթական նիստում: Գործադիրի որոշմամբ` Վահագն Վերմիշյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ:
Առաջարկը կառավարության նիստում ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Վահագն Վերիշյանը ներկա էր նիստին ու հայտարարեց, որ 1991թ.-ից ի վեր աշխատել է արտերկրում` ՌԴ, ԱՄՆ,Սուդան: «Այժմ վերադարձել եմ Հայաստան ու որոշել եմ աշխատել հայրենիքի համար,- ասաց նա:
Վերմիշյանը հայտնի ճարտարապետ է: Անկախության առաջին տարիներին եղել է ՀՀ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետը: Ապա` մեկնել է Ռուսաստան, ղեկավարել մի քանի շինարարական մասնավոր ընկերություններ: 2014թ.-ից Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետն է:
Վերմիշյանի նախագծով են վերանորոգվել «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի առաջին և երկրորդ տերմինալները, կառուցվել Սոչիի ծովային նավահանգիստը` մերձափնյա ինֆրաստրուկտուրայով, Աստրախանի սպորտային բազմաֆունկցիոնալ համալիրն ու Երևանի կրկեսի նոր շենքը:
Հիշեցնենք, Քաղաքաշինության կոմիտեի ստեղծման օրից` 2016թ-ից մինչև 2018-ի թավշյա հեղափոխությունն, այդ կառույցի անփոփոխ ղեկավարն էր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
2018թ.-ի հուլիսի 8-ին նա հրաժարական տվեց։ Այս պաշտոնում Նարեկ Սարգսյանին փոխարինեց Ավետիք Էլոյանը, որն աշխատեց մինչև սույն թվականի հունվարի 31–ը։