ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Մոնթե Մելքոնյան զինվորական վարժարանը հարմար չէ պահել ՊԵԿ-ի Դիլիջանի համալիրում: Այդ մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը:
Նա նշեց, որ Պետեկամուտների կոմիտեի համար կառուցված համալիրը զբաղեցնում է մոտ 8 հեկտար տարածք, իսկ վարժարանն ունի 100-ից պակաս սան:
Վարժարանը տարածքի մի մասն է զբաղեցնում, իսկ մյուս մասը՝ հյուրանոցը, և մի քանի երկհարկանի քոթեջ, փակ են ու չեն օգտագործվում: Դրանք պետք է օգտագործվեն նպատակային ձևով, որ պետությունը դրանցից առավելագույն եկամուտ ստանա: Այլապես, պարապուրդի մատնված տարածքը բյուջեից տարեկան 60 միլիոն դրամից ավելի պահպանման ծախսեր է տանում:
«Սրանից ելնելով` վարժարանի համար պետք է համապատասխան հարմարություններով այլ տարածք գտնել», - նշեց Բաբայանը:
Հիշեցնենք`համալիրի կառուցման հետ կապված այժմ քննվում է երեք քրեական գործ՝ պետական միջոցները վատնելու հատկանիշներով: