ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունը 52 000 եվրո կվճարի 2007թ-ին ոստիկանության շենքից նետված Լևոն Գուլյանի ընտանիքին: Այսօր նման որոշում կայացրեց կառավարությունը հերթական նիստում`ի կատարումն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ին կայացրած վճռի:
Նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մարտի 20-ն է:
Լևոն Գուլյանը մահացել է 2007 թվականի մայիսին, ոստիկանական բաժանմունքում, հարցաքննությունից հետո: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մահացել է փախուստի փորձ կատարելու ժամանակ՝ դուրս նետվելով ոստիկանության շենքի երկրորդ հարկի պատուհանից: Գուլյանի հարազատներն ու իրավապաշտպանները, սակայն, ապացույցներ են ներկայացնում, որ նրան ստորացրել ու դաժան խոշտանգումների են ենթարկել ոստիկանական բաժանմունքում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 20-ի վճռով Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում 50.000 եվրո վճարել հայցվորին: