ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Սա բնական երևույթ է, ոչ մի արտառոց բան չկա, նման հաշվարկներով մանիպուլյացիան հասարակությանն ապատեղեկատվություն տալու փորձ է։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը` մեկնաբանելով այսօր «168 ժամ» թերթում տպագրված «Կենտրոնական բանկի պահուստները դատարկվում են. Մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով» վերնագրով հոդվածը։
Նշենք, որ այդ հոդվածում ասվում էր, որ Կենտրոնական բանկի միջազգային պահուստները, որոնք արտահայտված են հիմնականում տարադրամով, արագորեն դատարկվում են։ Ընդամենը մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով կամ ավելի քան 11 տոկոսով։ Դեկտեմբերի 2 մլրդ 249 մլն դոլարի դիմաց՝ այս տարվա հունվարին ԿԲ արտաքին պահուստները մնացել են 1 մլրդ 994 մլն դոլար։
«Արժութային պահուստի նվազման ցանկացած պարագայում նման շարժերը սեզոնային են ու դա արտահայտվում է և՛ տարվա վերջ, և՛ տարվա սկիզբ։ Եթե մոնիտորինգ անենք ու տեսնեք ինչքան էր անցած տարվա վերջ և ինչքան ավելացավ, պարզ կդառնա»,–ասաց Բերբերյանը։
Նա ընդգծեց, որ տարվա սկզբի համար սա բնական երևույթ է, և ոչ մի արտառոց բան չկա։