ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Արդյո՞ք Հայաստանում տնտեսական հեղափոխություն եղել է. Այս հարցի համար յուրաքանչյուրն իր պատասխանն ունի։ Սակայն կառավարչական հեղափոխությունը կարող է դառնալ դրա «ճակատներից» մեկը։ Այդ պատճառով կառավարության աջակցությամբ կորպորատիվ կառավարման զարգացման ծրագիր է մեկնարկում։
Ծրագիրն իրականացնում է PriceWaterhouseCoopers (PWC), որը աուդիտորական բիզնեսի «մեծ քառյակի» մեջ է։
PWC–ն կօգնի նորացնել կորպորատիվ կառավարման ստանդարտները Հայաստանում, այդ թվում` կորպորատիվ կառավարման օրենսգիրքը։ Այն ընդունվել է դեռևս 2010 թվականին, Համաշխարհային բանկի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ ու նախատեսված է եղել բանկերի, պետական ընկերությունների ու բորսայում գրանցված ընկերությունների համար։
Օրենսգիրքը կազմվել էր` հաշվի առնելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), նաև Բազելի կոմիտեի միջազգային բանկային ստանդարտները։
Մասնավորապես, այստեղ առաջին անգամ ձևակերպվել է տնօրենների խորհրդի նկատմամբ ամենակարևոր պահանջներից մեկը` դրա անկախությունը։ Տնօրենների խորհրդում մեծամասնությունը չպետք է ընկերության մենեջերները լինեն, իսկ երկու տնօրենը պետք է ընդհանրապես անկախ լինեն (այսինքն` չպետք է բաժնետոմս ունենան ու նյութապես շահագրգռված լինեն ընկերության մեջ)։ Ընկերությունը պետք է տվյալներ հրապարակի ներքին գործարքների մասին (այսինքն` այն մասին` ինչպես են տնօրենները գնում ու վաճառում իրենց ընկերության բաժնետոմսերը)։ Ընկերության տնօրենները պետք է զերծ մնան բաժնետոմսերի գնային մանիպուլյացիաներից` հօգուտ իրենց և ի վնաս մնացած բաժնետերերի (այդ թվում` բորսայում)։ Այդ օրենսգիրքը վերանայվել ու նորացվել է համաշխարհային առաջատար ստանդարտների համաձայն։
Ինչի՞ համար է սա պետք, արդյո՞ք տեղական ընկերությունները կկարողանան օտարների հրավիրել։
Հետաքրքրությունը կարող է լինել ոչ միայն համբավի հարցում, այլ զուտ նյութական։ Նման ընկերությունները կկարողանան ներկայանալ բորսայում ու առանց բանկային վարկերի գումար վերցնել։ Այսպիսով` նրանց կախվածությունը բանկերից կփոքրանա։ Հիմա ընկերություններն իրենք պետք է ընտրեն` ինչն է նրանց ավելի պետք. գումար գրավելու նոր միջոցը, թե՞ հին «տնավարի» բիզնես–պրակտիկան։
Հայաստանում դեռ կորպորատիվ կառավարման կանոններին հետևում են արտասահմանյան կապիտալով բանկերն ու կազմակերպությունները։