ԵՐԵՎԱՆ, 16 Հունվար — Sputnik. ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով: ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Ջրբաշյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հունվարի 17-ին, ժամը` 18:00-20:00:
Վերջին հրաժեշտը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանից, հունվարի 18-ին, ժամը` 11:00-13:00:
Հիշեցնենք, հունվարի 16-ին, 96 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, մանկավարժ, պրոֆեսոր, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը:
Ռաֆայել Ջրբաշյանը հայ թատրոնի երախտավորներից էր, մարդ, որի հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքը արվեստի նվիրական ծառայության վառ դրսևորումներից է:
Ջրբաշյանը ծնվել է Կիսլովոդսկում: Սովորել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի բանասիրության բաժնում: 1949 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Վավիկ Վարդանյանի արվեստանոցը: Եղել է ֆակուլտետի առաջին շրջանավարտը:
1955-69 թթ. աշխատել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բեմադրիչ:
1971-72 թթ. եղել է Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 1975-90 թթ.` Արտաշատի Ա. Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն: Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր թատրոններում Ռաֆայել Ջրբաշյանն իրականացրել է մի շարք բեմադրություններ:
1956 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որտեղ 1984-98 թթ. եղել է ամբիոնի վարիչ, 1994-98 թթ.` պրոռեկտոր: 1986 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
Մեծ է վարպետի ներդրումը սերունդների կրթման գործում: Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը: Մանկավարժությունը վարպետի համար գիտական-տեսական և գործնական մի ուրույն համակարգ էր, որի առանցքում դրված էին անհատականությունների բացահայտման ու մասնագիտական-գործնական հմտությունների և մասնագիտական-տեսական գիտելիքների զարգացման, բեմադրիչների ու դերասանների բարոյաէթիկական չափանիշների ուսուցման սկզբունքները, որոնք էլ հիմք հանդիսացան ռեժիսորական վարպետության իր դպրոցի մշակման և տարածման համար: Նրա սաներից են եղել հետագայի անվանի դերասաններ, հաղորդավարներ, թատրոնների գեղարվեստական ղեկավարներ, բեմադրիչներ, ժողովրդական արտիստներ: Ռաֆայել Ջրբաշյանը հեղինակ է բազմաթիվ մասնագիտական հոդվածների, խոհերի, գրքերի և թարգմանությունների:
1986 թ. արժանացել է ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 2008 թ. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման: 2004 թ. Մովսես Խորենացու անվան մեդալակիր: