ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի– Sputnik. Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են նաև հարևան Վրաստանից։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Ձերդ գերազանցություն, Թույլ տվեք Վրաստանի կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ բարեկամ Հայաստանը կարող է հաջողությամբ իրականացնել առաջադեմ բարեփոխումներ, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում հետագա զարգացմանը և կայունությանը: Վրաստանի կառավարության անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել մեր աջակցությունն այս կարևորագույն գործում:
Հույս ունեմ, որ մեր երկրների միջև առկա կապերը, որոնք հիմնված են ավանդական բարիդրացիական հարաբերությունների վրա, ապագայում ավելի կխորանան և կամրապնդվեն»,–գրել է Բախտաձեն:
Նա ևս մեկ անգամ հավաստիարել է իր խորին հարգանքը և փոխանցել իր անկեղծ շնորհավորանքները:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ արդեն շնորհավել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները, Շվեդիայի փոխվարչապետն ու Արցախի նախագահը։