ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է ուղղել ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Երկու երկրները տարբեր ոլորտներում լիարժեք համագործակցության զգալի փորձ են կուտակել», – գրված է հաղորդագրության մեջ։
ՌԴ ղեկավարը հույս է հայտնել, որ 2 երկրների երկխոսությունն ու կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացման։ «Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին», – ընդգծել է հեռագրում Վլադիմիր Պուտինը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ օտարերկրյա առաջնորդներից առաջինը շնորհավորել է ՌԴ ղեկավարը։