ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաները Նոր տարին դիմավորելու են Հայաստանում: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ամանորն ու Սուրբ ծնունդն անցկացնելու է Երևանում: Թերթի հետ զրույցում այս մասին ասել է վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն այդ օրերին ինչ-որ այցեր, հանդիպումներ ունենալո՞ւ է կամ միջոցառումների մասնակցելո՞ւ է, Եղոյանը փոխանցել է, որ վարչապետի այդ օրերի օրակարգն առայժմ հայտնի չէ։
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Նոր տարին և Սուրբ ծնունդն անցկացնելու է Երևանում: Այս մասին էլ տեղեկացրել են Ազգային ժողովի աշխատակազմից:
Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը տոնական օրերն անցկացնելու է ընտանիքի հետ Երևանում: Այս մասին ՀԺ-ին փոխանցել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշել է, որ Տոնոյանը տոնական օրերին այցելելու է նաև զորամասեր:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ևս չի պատրաստվում որևէ տեղ մեկնել: Փոխվարչապետի գրասենյակից տեղեկացրել են, որ նա տոնական օրերին լինելու է Երևանում՝ ընտանիքի հետ:
Տիգրան Ավինյանի գրասենյակից նույնպես նշել են, որ նա Երևանում է լինելու այդ օրերին:
Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Չոհրաբյանը տոներն անցկացնելու է Եգիպտոսում: Այս մասին թերթին է հայտնել հենց Զոհրաբյանը:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս տոնական օրերին Հայաստանում է լինելու:
«Դեկտեմբերի 31-ին Վալերի Օսիպյանը լինելու է այն ոստիկանների կողքին, ովքեր պետական սահմաններին են լինելու»,- փոխանցել են ոստիկանության լրատվության վարչությունից:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նոր տարին դիմավորելու է Հայաստանում: Այս մասին էլ տեղեկացրել է գլխավոր դատախազության լրատվության պատասխանատու Արևիկ Խաչատրյանը:
Թերթը երեկ ամբողջ օրվա ընթացքում փորձել է ճշտել, թե որտեղ են Նոր տարին դիմավորելու և անցկացնելու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Սակայն այս երկու գերատեսչությունների լրատվական ծառայություններն այդպես էլ չեն պատասխանել այդ հարցին: