ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Լեգենդար դերասան և երգիչ, Հայաստանում անսահման սիրված Վախթանգ Կիկաբիձեն հարցազրույցի ժամանակ ցուցադրել է հայերենի իմացությունը։
- Հայերեն խոսո՞ւմ եք, - հարցրել է հարցազրույց վարողը։
Քիչ-քիչ, - հայերեն պատասխանել է Կիկաբիձեն և հետո արդեն ռուսերեն ավելացրել, որ իր հայրը հիանալի խոսել է հայերեն և ադրբեջաներեն։
Ինչ վերաբերում է Կիկաբիձեի բառապաշարին, ապա նա խոստովանել է, որ բոլոր գլխավոր բառերը` մոր (հայհոյանքները՝ խմբ․) և սիրո մասին, ինքը գիտի։
Կիկաբիձեն հուզիչ պատմություն է պատմել իր ընկերոջ՝ Մայիս Պարոնյանի մասին, որն ապրում է Լոս Անջելեսում։ Մի անգամ Պարոնյանը Կիկաբիձեին հրավիրել է իր 50-ամյա հոբելյանին։ Կիկաբիձեն չի կարողացել գնալ, բայց իմանալով, որ ընկերը կարոտում է խինկալին, Հավլաբարը (հայկական թաղամաս Թբիլիսիում՝ խմբ․), Կիկաբիձեն ցնցող նվեր է արել նրան։
Արտիստը գնացել է «Ֆայտոն» ռեստորան, իր հետ տարել օպերատորին, մենակ մի շիշ օղիով նստել սեղանի մոտ և սկսել է կենացներ ասել։ Մայիսին և Նաթելային (ընկերոջ կինը) մաղթել է թոռ ունենալ և խոստացել է նրան մի երգ սովորեցնել, որը մանուկ հասակում լսել է իր «գողական ընկեր Մարտունից», որը ձեռքին դաջվածք է ունեցել՝ «ես ու եղբայրս խաղաղություն ենք ուզում»։
«Նրա եղբայրը բանտում էր, մենք նրանք երբեք չենք տեսել», - պատմել է Բուբան (այդպես են Կիկաբիձեն փաղաքշաբար անվանում Վրաստանում՝ խմբ․)։ Հետո նա վերադարձել է շնորհավորանքի պատմությանը։
«Մի պուճուր բաբուշկա, նստել ա ակուշկա, ուտում ա սեմուշկա, նայում ա դեդուշկա», - տեսախցիկի առաջ երգել է Կիկաբիձեն, իսկ տեսագրությունը որպես նվեր ուղարկել է Մայիսին։ Կիկաբիձեն հիշում է, որ Պարոնյանին նվերը արտասվելու չափ հուզել է։
«Թբիլիսին միջազգային քաղաք է։ Միշտ շատ յուրահատուկ է եղել։ Եվ Թբիլիսիում երբեք չեն եղել ազգություններ։ Եղել են թբիլիսցիներ՝ Աշոտը, Վախթանգը, Ռեզոն, Մաիրը, բոլորն իրար սիրել են։ Եվ այդպես պետք է լինի։ Այլապես այդ քաղաքն այլևս իմաստ չի ունենա», - եզրափակել է Կիկաբիձեն։