ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Վրացի հայտնի երգիչ, դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեն Հայաստանի ջազ-ակումբներից մեկում կատարել է հանրահայտ «Ով սիրուն, սիրուն» երգը:
Facebook սոցցանցի իր էջում ելույթի տեսանյութը հրապարակել է Հայաստանում Վրաստանի դեսպանի կինը` Էկա Բակրաձեն:
Խորհրդային էստրադայի լեգենդներ Վախթանգ Կիկաբիձեն և Նանի Բրեգվաձեն համատեղ համերգով ելույթ են ունեցել մայրաքաղաքի ակումբներից մեկում: Ներկա է եղել նաև Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեի կինը:
Վրացի արտիստները Հայաստան են այցելել ՀՀ մշակույթի նախարարության հրավերով` մասնակցելու Ալեքսանդր Հեքիմյանին նվիրված երեկոյին:
Կոմպոզիտորի 90-ամյակին նվիրված համերգը տեղի է ունեցել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հեքիմյանի ստեղծագործություններն առաջին անգամ հնչել են սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ և նոր գործիքավորմամբ:
Ոստիկանության գեներալ և միաժամանակ կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանը ծնվել է Բաքվում: Դեռ երեք տարին նոր լրացած տղային ու կնոջը լքել է նրա հայրը: Նրանք տեղափոխվել են Երևան, իսկ ավելի ուշ ընդունվելով ԽՍՀՄ ՆԳՆ Բարձրագույն դպրոց` ապագա կոմպոզիտորը հաստատվել է Մոսկվայում: Մորական կողմից Լենինականից է (ներկայիս Գյումրի), իսկ հայրը ծնվել է Շուշիում:
Հեքիմյանի ստեղծագործությունները երգել են Աննա Գերմանը, Լյուդմիլա Զիկինան, Իոսիֆ Կոբզոնը, Վախթանգ Կիկաբիձեն, Մուսլիմ Մագոմաևը, Լև Լեշենկոն, Նիկոլայ Գնատյուկը, Գեորգի Մինասյանը, Լուսինե Զաքարյանը, Սոֆյա Ռոտարուն, Նանի Բրեգվաձեն, «Սամոցվետի», «Պլամյա», «Արնիկա» համույթները։