ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում դպրոցների ֆինանսավորման նոր բանաձև է ընդունվելու, բարձրացվելու է ուսուցիչների աշխատավարձի նվազագույն չափը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։
«Ներկայիս բյուջեն իներցիոն է, թեև այնտեղ աշխատավարձերի մասին կետ չկա, բայց այն կարող է վերանայվել։ Ավելին, դպրոցների ֆինանսավորման նոր բանաձև է ընդունվելու, և բարձրացվելու է նվազագույն աշխատավարձի չափը, ինչի արդյունքում ուսուցիչների մի մասի եկամուտը կաճի», – ընդգծեց Հարությունյանը։
Կրթական համակարգում բազում փոփոխություններ են լինելու, և նախարարի պաշտոնակատարի կարծիքով` առաջնահերթ խնդիրը կոռուպցիան արմատախիլ անելն է։ Նա վստահ է, որ այդ ոլորտում կոռուպցիան համակարգային բնույթ է ունեցել ու հասել ամենաբարձր մակարդակի։ Հարությունյանը պնդում է, որ այսօրվա իշխանության համար անընդունելի է նման համակարգը, և կառավարությունը մտադիր է դպրոցներում ամբողջովին արմատախիլ անել այդ բացասական երևույթը։
«Ավագ դպրոցում բազում խնդիրներ կան։ Մենք պետք է պայմաններ ստեղծենք ու ավագ դպրոցն այնպես բարեփոխենք, որ աշակերտներն ավարտելուց հետո կարողանան միանգամից համալսարան ընդունվել ավարտական քննությունների գնահատականների հիման վրա», – ասաց նա։
Նախարարությունը մտադիր է նաև վերանայել դասավանդման մեթոդները։ Մասնավորապես` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նոր փորձնական ծրագիր է մշակվում։ Ամեն ինչ անգիր անելու փոխարեն նրանց սովորեցնելու են ճիշտ օգտագործել տեղեկատվական հոսքերը և գտնել անհրաժեշտ աղբյուրները։ Նախարարը կարծում է, որ այդ դեպքում դպրոցականների համար սովորելը հետաքրքիր և զվարճալի կլինի, իսկ կրթության մակարդակը դրանից չի տուժի։
«Նոր դասագրքեր են լինելու, որոնք քաշով ավելի թեթև, իսկ բովանդակությամբ ավելի ծանր կլինեն։ Մենք պետք է մրցելու հնարավորություն տանք տարբեր հեղինակներին։ Սակայն նորմերն ու պարտադիր պայմանները թելադրելու են պետությունն ու կրթության նախարարությունը», – նշեց Հարությունյանը։
Նախարարն անդրադարձավ նաև որոշ դպրոցների գերբեռնվածության խնդրին։ Նա ասաց, որ շուտով աշակերտների գրանցման էլեկտրոնային համակարգ կներդրվի, որը թույլ կտա աշակերտներին համաչափ բաշխել դպրոցների միջև։