ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում նախարարությունների թիվը կկրճատվի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Կառավարության կառուցվածքը շատ է փոխվելու։ Այսօր մենք ունենք 17 նախարար, խորհրդարանական ընտրություններից հետո մենք այդքան նախարար չենք ունենալու։ Նրանց թիվը զգալիորեն կկրճատվի», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` եթե ելնեն այն կանխավարկածից, որ նախարարությունների թիվը կարող է կրճատվել 5–ով, դա արդեն հսկայական փոփոխություն է կառավարությունում։
Յուրաքանչյուր նախարարություն համակարգելու է ավելի շատ ոլորտներ, գերատեսչությունների ղեկավարների պատասխանատվության շրջանակն ընդլայնվելու է։
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9–ին։ Դրանից հետո նաև նոր կառավարություն կձևավորվի։