ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պահպանում է Ազգային ժողովում հայտնվելու շանսերը, Sputnik Արմենիային ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Հանրապետականների շանսերն այդքան անհույս չեն, ինչպես թվում է առաջին հայացքից։ Չնայած իշխանությունների և վարչապետի լուրջ վարկանիշին, որը հազիվ թե նվազի առաջիկա 1,5 ամսվա ընթացքում, ամեն դեպքում կա որոշակի խումբ, որը նախկին իշխանությունների օրոք նրանց սոցիալական բազան էր», – ասաց Հակոբյանը։
Դա բիզնեսն է, վերնախավի մի մասը, նրանց հետ կապված մարդիկ. այդ ամենը որոշակի տոկոս է կազմում։ Օբյեկտիվորեն նրանք կազմում են նախկին իշխանությունների սոցիալական և ընտրական բազան։
Հարցն այն է, թե որքանով ՀՀԿ–ին կհաջողվի համախմբել նրանց, եթե, իհարկե, նրանք մասնակցեն ընտրություններին։
«Այդ առումով վարկանիշային համակարգը (գործող Ընտրական օրենսգիրքը) ինչ–որ չափով կարող է օգնել նրանց, որովհետև ՀՀԿ–ն «Բարգավաճ Հայաստանի» նման ունի կապեր` հաստատված տասնամյակների ընթացքում, որոնց օգնությամբ տեղերում նրանք կարողացել են առաջ մղել անհրաժեշտ թեկնածուին», – նշեց Հակոբյանը։
Ելնելով դրանից` Հանրապետականն անցնելու շանսեր ունի։ Այսպիսով, ՀՀԿ–ի շանսերը կապված են ևս երկու կարևոր գործոնների հետ։
«Առաջինը, որքան արդյունավետ նրանք կարող են համախմբել ուժերը, ինչ բրենդի տակ հանդես կգան ընտրություններում։ Երկրորդ, ինչպիսի մարտավարություն կընտրեն իշխանությունները, որքանով արմատական տրամադրված կլինեն ՀՀԿ–ի նկատմամբ, ամեն ինչ կանցնի՞ արդյոք «սպիտակների» և «սևերի» պրիզմայով, թե ամեն դեպքում բարիկադները կքանդվեն», – ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են դեկտեմբերին` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։