Հակոբյանի կարծիքով` ԱԺ-ում չկար որևէ քաղաքական ուժ, որն իրոք մաքսիմալ շահագրգիռ լիներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծն անցկացնելու հարցում։
Նա հիշեցնում է` իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ նշել են, որ իրենք այդ հարցում ընդհանուր առմամբ ամենաշահագրգիռ ուժը չեն։
«Կարծում եմ` սա բավականին անկեղծ հայտարարություն է։ Իշխանությունն այսօր իր մինիմում և մաքսիմում ծրագրերը կատարելու բոլոր հնարավորություններն ունի ցանկացած օրենսդրությամբ։ Մարտավարական տեսակետից գուցե ավելի հետաքրքիր էր մի այնպիսի իրավիճակ ձևավորել, երբ այդ օրենսդրությունը տապալի մի ուժ, որը եթե իսկապես ապագա ընտրություններին մասնակցելու հավակնություն ունի, ապա նրան կարելի է հետագա մարտավարության տիրույթում ներկայացնել որպես հակահեղափոխություն»,- ասում է քաղտեխնոլոգը։
Հակոբյանի խոսքով` Փաշինյանը պրագմատիկ հաշվարկ է անում։
«Եթե Վենետիկի հանձնաժողովը պայման է դնում, որ կոնսենսուս լինի, իսկ դա ցանկացած պարագայում, ինչպես ՀՀԿ-ականներն էին հայտարարել, չի լինելու, ապա պետք է հաշվարկել, որն է չարյաց փոքրագույնը»,- ասում է փորձագետը։
Նրա խոսքով` կարելի էր, ի վերջո, մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները և ստանալ այդ 63 ձայնը, բայց դա չարվեց։
«Կարծում եմ` իշխանությունը բոլոր ռեսուրսները չէր ներդրել ։ Իսկ մենք տեսել ենք, թե իշխանությունն ինչ ռեսուրսներ է գործարկում,` երբ մաքսիմալ շահագրգռված է լինում, նախևռաջ` հանրային ճնշման ռեսուրսը»,- ասում է Հակոբյանը։