ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Չնայած Հայաստանում որոշակի ներքաղաքական անկայունության պահպանմանը` ընթանում է պլանաչափ համատեղ աշխատանք համագործակցության կոնկրետ ուղղություններով։ Այդ մասին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը ասել է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի։
«Փոխադարձ ապրանքաշրջանառության դրական դինամիկան խոսուն է, դրա աճը 2018թ.–ի առաջին կիսամյակում անցած տարվա նույն շրջանի համեմատ կազմել է 23,4 տոկոս` մինչև 925,6 միլիոն դոլար», – նշեց դիվանագետը։
Նրա խոսքով` անգամ Հայաստանում լայնամասշտաբ քաղաքական փոփոխություններից հետո հայ-ռուսական ինտենսիվ երկխոսությունը բարձրագույն և բարձր մակարդակներում կպահպանվի։
Կարասինը հիշեցրել է, որ մի քանի ամսում կայացել են երեք հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երկու հանդիպում վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։
«Մեր ղեկավարները մի քանի անգամ շփվել են հեռախոսով։ Այդ շփումների գլխավոր քաղաքական արդյունքը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման ընթացքը չփոխելն է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների` ԵԱՏՄ–ի, ՀԱՊԿ–ի, ԱՊՀ–ի շրջանակում», – ասել է Կարասինը։
Ղարաբաղյան հակամարտության հարցում գոյություն ունի միայն մեկ իրատեսական հեռանկար` հակամարտության խաղաղ կարգավորումը բանակցությունների միջոցով։ Հայ և ադրբեջանցի ժողովուրդների կենսական հետաքրքրվածությունն անվտանգության, կայունության և զարգացման մեջ կազմում է բանակցային գործընթացի հիմքը և քաղաքական շարժիչ ուժը, որին Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է։
Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, սերտորեն աշխատում է «եռյակի» մյուս անդամների` Ֆրանսիայի և ԱՄՆ–ի հետ։
«Համանախագահների ընդհանուր դիրքորոշման մեջ, որոշումների շրջանակում, որոնք ընդունվել են ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, մենք ձգտում ենք մեր կողմից հնարավոր ամեն ինչ անել խաղաղ պայմանավորվածություններ մշակելու հարցում հակամարտության կողմերին աջակցելու համար», – ասել է Կարասինը։
Մեր դիրքորոշումը կմնա անփոփոխ։ Այն ամրագրված է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգում և հաստատված է Պուտինի ու երկու երկրների առաջնորդների հետ վերջերս կայացած հանդիպումների ընթացքում։