ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովն առաջարկում է քննել գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը` այդ նպատակի համար ստեղծելով հատուկ քննիչ հանձնաժողով: ԱԺ որոշման նախագիծն այսօրվա նիստում ներկայացրեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի» անդամների թիվը բաշխվելու է ըստ խմբակցությունների` ՀՀԿ-ի 5, ԲՀԿ-ի 3, «Ելքի» 2, ՀՅԴ-ի 1 անդամ:
Մելքումյանը հիշեցրեց, որ 5 տարի առաջ ԱԺ-ում նման փորձ արդեն եղել է, բայց որևէ արդյունքի չի հանգեցրել:
«Այդ տարիներին կյանքի չի կոչվել ԱԺ-ի ընդունած որոշման դրույթների 90 տոկոսից ավելին` կորուստների նվազեցման, գնումների համակարգի, կալորիականության և այլ խնդիրների վերաբերյալ»,- ասաց պատգամավորը:
Նա նաև նշեց, որ այդ տարիներին սակագների հարցը Հայաստանում գերարդիական է մնացել:
Ստեղծվող նոր հանձնաժողովը, պատգամավորի խոսքով, կոչված է լինելու ուսումնասիրել հիմնական գործող երկու բնական մենաշնորհների` «Գազպրոմ Արմենիայի» և ՀԷՑ-ի գործունեության առանձնահատկությունները` հասկանալու համար` արդյո՞ք գործող սակագները հիմնավորված են, և արդյո՞ք դրանք նվազեցնելու հնարավորություններ կան:
Հանձնաժողովի ստեղծման հարցը քվեարկության կդրվի առաջիկա նիստի ընթացքում`վաղն առավոտյան:
Հիշեցնենք` քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկով երեկ հանդես էր եկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Հանձնաժողովի ստեղծման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի ձայնը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել՝ գազի գնի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար։
Հայաստանի շարքային սպառողը գազի դիմաց վճարում է 290 դոլար, ոչ ապահով խավերը` 80 դոլար, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդները վճարում են 242 դոլար, ջերմոցային ու վերամշակող ընկերությունները` 212 դոլար։