Նելլի Դանիելյան, Sputnik.
Այս տարի հունիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանին գազը բացառիկ գնով է վաճառում և հայտարարեց` «մենք կուզեինք, որ ավելի բացառիկ գին լինի»։
Վարչապետը նաև հայտարարեց, որ գազն իրականում գրեթե կրկնակի թանկանում է սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին։
Այս հայտարարությունից 3 ամիս անց Փաշինյանը գազի գինն ուսումնասիրելու հարցով աշխատանքային խումբ կազմեց, որի կազմում է նաև «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությունը։
Թե որքան ժամանակ կպահանջվի, որ այս խումբը հաշվարկի գազի գինն ու դրա նվազման հնարավորությունը, կառավարությունում դեռ չգիտեն։ Բայց մինչ ոլորտի մասնագետները հաշվարկներ են իրականացնում, տնտեսագետ Աշոտ Թավադյանը սեփական հաշվարկներն է արել ու վստահեցնում է` ցանկության դեպքում հայաստանցի սպառողին վաճառվող գազի 1 խմ-ի արժեքը կարելի է շուրջ 20 դրամով նվազեցնել։
«Գազի գինը սահմանի վրա պետք է կարգավորվի ԵԱՏՄ կանոնների համաձայն։ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 64 հոդվածի համաձայն` փոխհաշվարկները և հատկապես ռազմավարական ապրանքների գները հաշվարկվում են ազգային արժույթով։ Եթե գազի գինը հիմա նշված է 150 ԱՄՆ դոլար, ապա պետք է փոխվի ՌԴ ռուբլու»,- Sputnik Արմենիային իր դիտարկումն է ներկայացնում Թավադյանը։
Նրա համոզմամբ, սահմանի վրա գազի գինը ռուսական ռուբլով ֆիքսելու դեպքում հայկական կողմն ապահովագրված կլինի դոլարի փոխարժեքի տատանումներից։ «Դրանք գուցե այնքան էլ մեծ չեն, բայց առկա են։ Մենք հիմա, օրինակ, ավելի թանկ ենք վճարում, քան երկու ամիս առաջ»,- ասաց նա։
Բացի այդ, նրա խոսքով, ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրի պարագայում բոլոր ապրանքները ազատվում են մաքսատուրքից, մինչդեռ գազի դեպքում դրա վրա շուրջ 30% մաքսատուրք է հաշվարկվում։
«Իհարկե, ավելի ճիշտ է ոչ թե ամեն անգամ բանակցություններ վարել, այլ մեկ անգամ և վերջնականապես պայմանավորվել, որ գազի գինը ռեգիոնալ կամ միջազգային գնից 30%-ով պետք է ցածր լինի։ Այս պայմանավորվածության դեպքում մենք էական տատանումներ չենք ունենա»,- ասաց նա։
Բացի այդ, եթե գազի գինը սահմանին 1000 խմ-ի դիմաց 150 դոլար է, ապա սպառողի բնակարան է հասնում արդեն գրեթե կրկնակի թանկ` 290 դոլարով։
Թավադյանի խոսքով` Հայաստանի տարածքում գազի գնի ձևավորման մեջ շուրջ 4 տոկոս հաշվարկվում են կորուստները, 9 տոկոս` սպասարկման ծառայության վարձը, 6 տոկոս` շահութաբերությունը, 3 տոկոս` գազամատակարարման մաշվածությունը։
«Բնակիչների համար գազի գինը գրեթե կրկնապատկվում է, իսկ արտադրական սպառողների համար ավելանում է 40 տոկոսով։ Այս շղթան պետք է ամբողջությամբ վերանայվի»,- կարծում է տնտեսագետը։
Թավադյանը հիշեցնում է, որ ՀՀ շարքային սպառողն այսօր 1000 խմ գազի դիմաց վճարում է 290 դոլար, 10 000 խմ-ից ավելի սպառող խոշոր բաժանորդները վճարում են 242, ջերմոցային ու վերամշակող ընկերությունները` 212 դոլար։ Եվ քանի որ Հայաստանում սպառվող գազի շուրջ 60 տոկոսը բաժին է ընկնում արտադրական կազմակերպություններին, գազի միջին գինը կազմում է շուրջ 250 դոլար։ Տնտեսագետի հաշվարկով` եթե անգամ արտադրական սպառողների համար սահմանված սակագինը մնա անփոփոխ, ապա շարքային սպառողներին վաճառվող գազի գինը կարելի է 10-15 տոկոսով նվազել` ներկայիս 290 դոլարից հասցնելով 250-ի։
«Այս դեպքում գազի միջին գինը կիջնի մինչև 220 դոլար։ Հաշվարկը մոտավոր է։ Ամեն դեպքում 10-15 տոկոսի նվազման հնարավորություն կա»,- ասաց Թավադյանը։
Բացի այդ, նա «Գազպրոմ Արմենիային» խորհուրդ է տալիս գազի սակագնի հաշվարկի սեզոնային սկզբունք կիրառել։
«Սոցիալական արդարության տեսանկյունից մեր լեռնային շրջանների գազի գինը պետք է էապես ավելի ցածր լինի, քան դաշտային շրջաններինը։ Ցուրտ տարածքներում մարդիկ գրեթե տարվա կեսը ձմեռային ռեժիմով են գազ սպառում»,- ասաց նա։
Տնտեսագետի ներկայացրած հաշվարկի ու առաջարկների վերաբերյալ «Գազպրոմ Արմենիայի» տեսակետը ստանալ մեզ չհաջողվեց։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ընկերություն լրատվական ծառայությունից հորդորեցին սպասել կառավարությունում ձևավորված աշխատանքային խմբի հաշվարկների ավարտին։
Հիշեցնենք` Հայաստանի շարքային սպառողը գազի 1 խմ-ի դիմաց այսօր վճարում է 146.7 դրամ, մինչև 600 խմ սպառող անապահով ընտանիքները` 80 դրամ։ Գազի գինը հայաստանյան սպառողների համար անփոփոխ է մնացել 2016թ-ից, երբ այն նվազեց 9.3 դրամով։
2013-16թթ-ին գազի 1 խմ-ն արժեր 156, 2011-13թթ`132 դրամ։ 2011թ-ից մինչև 2018թ-ի օգոստոսի 1-ը անապահով խավերը գազի 1 խմ-ի դիմաց վճարել են 100 դրամ։