ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանում արտադրվող քաղցրավենիքի, պանրի, խմելու ջրի որոշ տեսակներում վտանգավոր տարրեր է հայտնաբերել։
Տեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն` «Արմսվիթ» ՍՊԸ-ի «Ֆանտազիա» վանիլային, «Կիկի-Վիկի» շոկոլադային և «Այսբերգ» վանիլային ջնարակապատ պաղպաղակներում հայտնաբերվել են մանրէներ։ Ա/Ձ Սամվել Բալոյանի պանրի արտադրամասի «Չանախ» տեսակի փորձանմուշներում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ:
«ԷՎՐԻ-ԴԵՅ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասերում խախտված են եղել հիգիենային ներկայացվող պահանջները, իսկ «Բյուրեղ» խմելու ջուրը անվտանգությունն ու որակը հիմնավորող փաստաթուղթ չի ունեցել։
Բոլոր այս արտադրամասերի գործունեությունը կասեցվել է:
Իսկ «Սիսիանի հաց» ՍՊԸ-ում վերացվել են նախկինում հայտնաբերված խախտումները և տեսչական մարմինը թույլատրել է վերսկսել աշխատանքը: