ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի –Sputnik. Հայկական շինարարական արտադրանքը եվրասիական շուկայում կարող է մրցել ներկրվող ապրանքների հետ և իր արժանի տեղը զբաղեցնել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «ArAn» մարքեթինգային և խորհրդատվական ընկերության տնօրեն Արբի Դավուդին։
Եվրասիական տնտեսական միության տարածքում մեծ ծավալներով անորակ, սակայն էժան շինանյութ է վաճառվում։ Այն դեպքում, երբ Հայաստանում ավելի որակյալ ապրանք է արտադրվում, որը նույն գնային կարգում է, ինչ ներկրվող անորակ ապրանքը։ Հետևաբար, հայ արտադրողները պետք է ԵԱՏՄ–ի բոլոր առավելություններն օգտագործեն և աստիճանաբար մտնեն այդ հսկայական շուկա։
Մարքեթինգային ընկերության ղեկավարը նշեց, որ Հայաստանի արտադրողները պետք է զբաղվեն հայկական նյութերի հանրահռչակմամբ և կոտրեն այն կարծրատիպը, թե տեղական արտադրանքը ներկրվողից վատն է։ Բացի այդ նա անհրաժեշտ է համարում, որ հայկական արտադրանքն ավելի ակտիվ գովազդվի ԵԱՏՄ տարածքում։ Նրա խոսքով` դրա համար լուրջ ֆինանսներ են պետք, սակայն այդ ներդրումները արագ կարող են հետ բերվել։
«Երբեմն նույնիսկ երկրի ներսում մարդիկ չեն ճանաչում հայկական շինարարական ապրանքանիշերը, իսկ դա լուրջ խնդիր է», – ընդգծեց նա։
Դավուդին կարծում է, որ Հայաստանն իր հնարավորություններն ամբողջությամբ չի օգտագործում։ Նրա համոզմամբ` «թավշյա հեղափոխությունից» հետո աճել է երկրի ներդրումային գրավչությունը։ Եթե վարչապետն ու իր թիմը առավելագույն ջանքեր գործադրեն և ֆինանսական հոսքերը ճիշտ ուղղեն, ապա կարելի է զգալի տնտեսական զարգացում ակնկալել։
«Ներդրողները սպասում են։ Նրանք փորձում են հասկանալ` անել ներդրում, թե՞ ոչ, և որ ոլորտում արժե գումար ներդնել։ Կառավարությունը պետք է օգտագործի այս պահը և նրանց հետաքրքիր և շահավետ տարբերակներ առաջարկի», – ընդգծեց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ հեղափոխությունից զանգեր, ինչպես նաև երկրում ներդրում անելու մասին հավաստիացումներ է ստանում հայ գործարարներից։ Նա արդեն հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի հայ գործարարների հետ, սակայն ներդրումների մասին դեռ որևէ տեղեկություն չկա։