ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Առևտրի համաշխարհային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակը ԵԱՏՄ-ին հնարավորություն կտա ավելի արագ լուծել առաջացող մաքսային խնդիրները: Նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ Տիգրան Սարգսյանը ելույթ էր ունեցել Արևելյան տնտեսական չորրորդ ֆորումին, որը տեղի է ունենում սեպտեմբերի 11-13-ը: «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն ԱՏՖ-ի գլխավոր տեղեկատվական գործընկերն է:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան սեպտեմբերի 25-ին մտադիր է ուսումնասիրել ԵԱՏՄ-ի կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության մարմիններում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը:
Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ԵԱՏՄ անդամ 5 երկրներից 4-ը ԱՀԿ-ի կազմում են: Հաշվի առնելով այն, որ մաքսային սակագների, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի հաստատման հետ կապված բոլոր հարցերը փոխանցվել են անդրազգային մարմնին (տվյալ դեպքում՝ ԵՏՀ-ին), ԵԱՏՄ երկրները առանց ընդհանուր դիրքորոշման համաձայնեցման ԱՀԿ-ի հարթակում որևէ բանակցություններ վարել չեն կարող:
«Երբ Հայաստանն ու Ղրղըզստանը հանդես եկան ԵԱՏՄ-ում ԱՀԿ-ի անդամ դառնալուց հետո, մեզ մոտ հարցեր են առաջացել նրանց կողմից իրենց մաքսային տուրքերը վերանայելու անհրաժեշտության և դրանք եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հետ կապված: Այս մասին Հայաստանն ու Ղրղըզստանը պետք է տեղեկացնեն ԱՀԿ-ին և խորհրդակցություններ անցկացնեն այդ հարթակում», — նշել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալը ԵԱՏՄ-ին հնարավորություն կտա մասնակցելու բոլոր բանավեճերին և ներկայացնելու ինտեգրացիոն միավորման ընդհանուր դիրքորոշումը, օգնել հարթելու գործունեության ընթացքում առաջացած հավանական սուր անկյունները:
Նշենք, որ նման հակասություններ կարող են առաջանալ ԵԱՏՄ-ում և ԱՀԿ-ում գործող մաքսային տուրքերի միջև առկա տարբերությունների պատճառով: