ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Աստղագիտությունը խորապես ուսումնասիրելու ավանդույթը պետք է վերադարձնել Հայաստանի դպրոցներ։ Sputnik ռադիոկայանի հատուկ թղթակից Էլինա Ղազարյանի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
Հաշվի առնելով հայերի հարուստ ժառանգությունը և ավանդույթները` հայերին կարելի է աստղագիտական ազգ անվանել կամ աստղագիտությունն անվանել հայկական ազգային գիտություն, կարծում է Միքայելյանը։ Բացի այդ, տարեցտարի հայ երեխաները բարձրագույն մրցանակների են արժանանում միջազգային օլիմպիադաներում, թեև դպրոցներում այդ առարկան պատշաճ մակարդակով չի դասավանդվում։
«Կրթության գրեթե բոլոր նախկին նախարարների հետ մենք քննարկել ենք այդ հարցը, առայժմ առաջխաղացում չկա։ Հավանաբար դա կապված է ֆինանսների հետ, բայց աստղագիտությունը պետք է վերադարձնել դպրոց», — կարծում է Միքայելյանը։
Այդ հարցում նա կարևորեց պաշտոնատար անձանց, հասարակության և երիտասարդության դերը։ Աստղադիտարանի տնօրենը նշեց, որ 2006թ-ից Հայաստանում անցկացվում է աստղագետների միջազգային ամառային դպրոց, որը Միջազգային աստղագիտական միության գնահատմամբ աշխարհում լավագույն երեք դպրոցներից մեկն է։ Այս տարի որպես դասախոսներ հրավիրվել էին աստղագետներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից։
Բյուրականի աստղադիտարանն աստղագիտական առարկաների բացահայտման առումով ռեկորդակիր է։ Հիմա բացահայտումները շարունակվում են, ռուսական տարբեր համալսարանների հետ անցկացվում են համատեղ հետազոտություններ, հաղորդեց նա։ Միքայելյանը նշեց, որ աստղադիտարանը շարունակում է և պահպանում աստղագիտության լավագույն ավանդույթները։ Ավելին, տարածաշրջանում առաջատար է համարվում և աստղագիտության 10 համաշխարհային, տարածաշրջանային կենտրոններից մեկը։
«Աստղադիտարանն օգնում է Հայաստանում զարգացնել գիտական զբոսաշրջությունը, որը վերջին շրջանում աշխուժանում է։ Այստեղ եկող այցելուները ցերեկը կարողանում են տեսնել մեծ հեռադիտակը, իսկ գիշերը նրանք սիրողական ուսումնասիրություն են անցկացնում», — պատմեց Միքայելյանը։
Այդ առումով նա կարևոր համարեց Երևանում պլանետարիում ստեղծելու նախագիծը, որի մասին արդեն երկար տարիներ հայտարարում է Երևանի քաղաքապետարանը։ Միքայելյանը նշեց, որ այդ մասնավոր նախագիծը կապ չունի աստղադիտարանի հետ, բայց ինքն աջակցում է դրան։
Աստղադիտարանի տնօրենն անդրադարձավ նաև երիտասարդ կադրերի հոսքի խնդրին։ Նրա խոսքով` պրոֆեսիոնալ երիտասարդ կադրերը քիչ են։ Վերջին 20 տարում Բյուրականի աստղադիտարանում եռակի քչացել է գիտաշխատողների թիվը։
«Հիմա 42 աշխատողներից 16-ն են երիտասարդ, եթե տարեկան ընդունվի 2-3 երիտասարդ աստղագետ, ապա իրավիճակը կբարելավվի», — ասաց նա։
Միքայելյանը նշեց նաև, որ բազմաթիվ երաշխավորագրեր է գրել երիտասարդների համար հետագա կրթություն ստանալու կամ տեղափոխվելու համար, և աշխարհում հայ գիտնականներ շատ կան, որոնք օգնում են հայրենիքին և իրենց գործընկերներին։