ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչը, դիմակավորված, նույն գյուղի կանանցից մեկի նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ, ապօրինի մուտք է գործել վերջինիս պատկանող բնակարան, որտեղ իր մոտ եղած որպես զենք օգտագործվող դանակի գործադրման սպառնալիքով փորձել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել 2018թ. սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը` ժամը 01:20-ի սահմանում։
Հաղորդագրության մեջ նշված է, որ կինը դիմադրել է տղամարդուն։ Նա էլ հանցանքն ավարտին չհասցնելով՝ փախել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձ, և 147-րդ հոդվածի 2-րդ մասով` բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը, հատկանիշներով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: