ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) ղեկավար Սթիվ Սայմոնը ելույթ է ունեցել ամերիկացի թենիսիստուհի, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կնոջ` Սերենա Ուիլյամսի հետ կապված սկանդալից հետո։
ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ փուլում Ուիլյամսի հետ տեղի ունեցածից հետո Սայմոնը հայտարարել էր, որ տղամարդկանց և կանանց հույզերի նկատմամբ հանդուրժողականության մակարդակը պետք է նույնը լինի։
«WTA–ը կարծում է, որ տղամարդկանց և կանանց արտահայտած հույզերի նկատմամբ համբերություն դրսևորելու չափանիշների տարբերություն չպետք է լինի, և պետք է ձգտել այնպես աշխատել, որ բոլոր խաղացողներին նույն կերպ վերաբերվեն։ Չենք կարծում, որ անցած գիշերվա որոշումը կայացվել է այդ հայեցակարգի շրջանակում», — ասել է Սայմոնը, որի խոսքերն է մեջբերում Ռոյթերը։
ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ փուլում Ուիլյամսը զիջել է ճապոնացի Նաոմի Օսակեին, և խաղն ավարտվել է 2:6, 4:6 հաշվով։ Մրցավար Կարլոս Ռամոսը կանոնները երեք անգամ խախտելու համար (մարզչի հուշում, կոտրած ռակետ և մրցավարին վիրավորանք հասցնելու)երկրորդ սեթում տուգանել է Ուիլյամսին մեկ խաղով։ Ամերիկուհին Ռամոսին մեղադրել է սեքսիզմի մեջ։