ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Ոստիկաններն ու քննիչները Վրաստանում հայտնաբերել են Մարմարաշեն գյուղի բնակիչ, 49-ամյա Գագիկ Դանոյանին, որը կասկածվում է Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի ու նրա ընտանիքի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի` Դանոյանն արդեն բերման է ենթարկվել և առաջիկայում կտեղափոխվի Հայաստան։
Նույն լրատվամիջոցն ավելի վաղ հայտնել էր, որ Դանոյանն ավազակային հարձակման մեջ կասկածվող մեկ այլ անձի` Մայիս Մկրտչյանի աներն է և երկար տարիներ եղել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի թիկնապահը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում։ 3 հոգի՝ զինված ինքնաձիգներով, Ձորաղբյուրում հարձակվել էին Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա։
Տան սեփականատեր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գոռ Մկրտումյանն ու նրա հայրը՝ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 10 հասցեի բնակիչ, 58-ամյա Արման Մկրտումյանը, տանն էին եղել, երբ տանը տեղադրված տեսախցիկով նկատել էին, թե ինչպես են նշված անձինք ներխուժում իրենց տուն: Հայր և որդի Մկրտումյանները դիմադրություն էին ցույց տվել և Գ. Մկրտումյանը իր անվամբ, օրինական հաշվառված «Վալտեր» տիպի գազային ատրճանակով կարողացել էր վնասազերծել նրանցից մեկին։