ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության տրամաբանությունը հակասում է կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասվածին։ Այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ գործադրի մեր գործընկերները թեպետ ասում էին, որ սա ժամանակավոր կառավարություն է` մեկ տարի կյանքով, բայց եթե նույնիսկ այդպես է, այդ կառավարությունն իր ենթադրվող գործունեության 1/3–ը ծախսում է ադապտացիայի վրա, ապա երբ է պատրաստվում աշխատել»,– ասաց Աշոտյանը։
Հիշեցնենք` այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության 100-օրյա ադապտացիոն շրջանն ավարտված է և մեկնարկում է տնտեսական քաղաքականության բարեփոխումների նոր շրջանը։
Բարեփոխումների մեկնարկը, Փաշինյանի խոսքով, կտրվի հաջորդ շաբաթ՝ Հարկային օրենսգրքով։