ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր կառավարության շենքում էր։ Իր այցի մասին լրագրողների հարցին Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Իմ կոնստրուկտիվ քննադատությունից հետո վարչապետի որոշման մեջ փոփոխություն եղավ, ինձ վերադարձրին Հայաստան-ԵՄ համաձայնագրի միջգերատեսչական հանձնաժողովի կազմ»։
Հանձնաժողովն այսօր գումարել է առաջին նիստը, որին մասնակցելու համար էլ Արմեն Աշոտյանը եկել էր կառավարության շենք։
Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Աշոտյանը հեռացվել էր հանձնաժողովից։
Արմեն Աշոտյանը կարծիք հայտնեց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացումը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության գերակայություններից մեկը։
«Դեռ մինչև կառավարության ծրագրի հաստատումը ես քաղաքական հայտարարություն եմ արել՝ առաջարկելով Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացումը դարձնել կառավարության ծրագրի մաս: Ցավոք, կառավարությունը ոչ միայն չարեց դա ժամանակին, այլև մինչ այսօր համաձայնագրի իրականացման հետ կապված գործուն քայլեր չեն ձեռնարկվել»,- ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով` անկախ քաղաքական տարաձայնություններից արտաքին քաղաքական ոլորտում կան գերակայություններ, որոնց հարցում կառավարությունը պարտավոր է ականջալուր լինել քաղաքական այլ ուժերի` ընդդիմադիր գործիչների քննադատությանը, որոնք կարող են օգտակար լինել ծրագրերի իրականացմանը։