ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որը կալանքից ազատ է արձակել Ռոբերտ Քոչարյանին, բացահայտ աջակցում էր նրան։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
Օգոստոսի 13-ին Ազարյանի նախագահությամբ անցկացված դատական նիստում որոշվել էր Ռոբերտ Քոչարյանին ազատել կալանքից։ Ընդ որում` Ազարյանը հայտնել էր, որ Քոչարյանի օրոք աշխատել է նախագահի աշխատակազմում, բայց այդ հանգամանքը որևէ կերպ չի ազդել իր անաչառության վրա։
Ըստ Խաչատրյանի` դատավորը մոռացավ հիշատակել 2008 թվականի մարտի 1-ից հետո իր գործունեության մասին։ Նա 9 մեղադրական դատավճիռ է կայացրել 2008 թվականի մարտի 1-ի ցույցերի մասնակիցներին։ «Սակայն հարցն այդքան դա չէ, որքան այն ձևակերպումները, որոնք Ազարյանը նշել է դատական որոշման մեջ»,- նշեց Խաչատրյանը։
Մասնավորապես, մեղադրյալների մասին ասվում է, որ նրանք միացել են «մարդկանց ամբոխին» և «հրազենի և ռազմամթերքի կիրառմամբ բռնություն, ջարդ, հրկիզում, հափշտակում իրականացրել և փչացրել պետական գույքը»։ Այլ կերպ ասած, վճիռը կրկնում էր այն ժամանակվա օրենսդիր և գործադիր իշխանության դիրքորոշումը։ Իսկ փաստերին նաև էմոցիոնալ ձևակերպումներ էին կցել։
«Այսինքն դատավորը հանդես էր գալիս որպես նման համոզմունքների կրող։ Իսկ դա նշանակում է, որ նա պետք է հրաժարվեր գործի ուսումնասիրությունից և ինքնաբացարկ ներկայացներ։ Իսկ եթե ոչ, ապա գոնե պետք է հայտներ այդ ամենի մասին, ինչից հետո դատախազության ներկայացուցիչներն արդեն անձամբ միջնորդություն կներկայացնեին նրա թեկնածությունը հանելու համար», — հայտնեց Խաչատրյանը։
Նշենք, որ օգոստոսի 13-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ էին արձակել Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ Սակայն պետական մեղադրանքը դեռ հանված չէ և բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար։