ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունը պարգևատրել է հայ գյուղացիներին հայ–թուրքական սահմանախախտներին հայտնաբերելու հարցում ցուցաբերած օգնության համար։
Արարատ քաղաքի վարչակազմում` Արտաշատի սահմանային ջոկատի պետ, գնդապետ Յուրի Ուրվանովը տեղի երեք բնակչի պարգևատրել է «60 տարի սահմանի պահպանման համար» հուշամեդալներով՝ ի նշան երախտագիտության սահմանախախտներին՝ Աֆղանստանի և Բանգլադեշի 5 քաղաքացիներին գտնելու և ձերբակալելու հարցում ցուցաբերած օգնության համար։
Գյուղացիներին, բացի շնորհված մեդալներից, նաև դրամական պարգևներ են տրվել։
Սահմանամերձ մարզի բնակիչները, սահմանի մերձակայքում հողի հետ աշխատելիս, զգոնություն են ցուցաբերել և օգնել սահմանապահներին հայտնաբերել սահմանախախտներին։ Նրանց օգնության շնորհիվ սահմանապահներն ավելի հեշտ և օպերատիվ են կարողացել բռնել հանցագործներին։
Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանին, որպես համայնքի ներկայացուցիչ, շնորհակալական նամակ է հանձնվել։
Ուրվանովը շնորհակալություն է հայտնել տեղի բնակիչներին օգնության համար` նշելով, որ սահմանապահները շարունակում են իրականացնել սահմանի հուսալի պաշտպանությունը։
Նրա խոսքով` Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահները կես տարվա ընթացքում ավելի քան տասնյակ սահմանախախտ են ձերբակալել, հիմնականում` Աֆղանստանից, ինչպես նաև Բանգլադեշից։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին ռուս սահմանապահները Աֆղանստանի 5 քաղաքացի էին ձերբակալել, որոնք փորձում էին Թուրքիայից ապօրինի կերպով Հայաստան ներխուժել։ Օգոստոսի 2-ին Թուրքիայի քաղաքացի էր ձերբակալվել, որի մոտ հայտնաբերվել էր բջջային հեռախոս, նրանում առկա պետական սահմանին տեղադրված ինժեներական շինությունների և արգելափակոցների լուսանկարների և տեսագրությունների ֆայլերով։ Եվս մեկ սահմանախախտ էլ (Բանգլադեշի քաղաքացի) ձերբակալվել էր օգոստոսի 7-ին։