ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Երևան Էջմիածին մայրուղու վրա ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, ինչի հետևանքով բենզալցակայանում հրդեհ է բռնկվել։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, երեկ՝ օգոստոսի 7-ին, ժամը 00:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում գործող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի 11 մարտական հաշվարկ, ովքեր նշված փողոցում գործող «Խաչատուր Ավետիսյան» Ա/Ձ-ին պատկանող բենզալցակայանում մի քանի ժամ պայքարել են խոշոր հրդեհի դեմ:
Ճանապարհի երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է:
Հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանը:
Ըստ նախնական տեղեկությունների` Mersedes մակնիշի 91 XX 919 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանին, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ:
Shamshyan.com-ի տեղեկություններով` Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 29-ամյա Վաչե Աբրահամյանը և Փարաքար գյուղի բնակիչ, 26-ամյա Արամ Խալաթյանը: Հնարավոր է, որ նշված անձինք եղել են բենզալցակայանին բախված Mersedes-ի մեջ, իսկ Mersedes-ն էլ վառվող բենզալցակայանից հայտնաբերվել է մոտ 700 մետր հեռավորության վրա՝ Մայրաքաղաքային փողոցի տներից մեկի դիմաց:
Փաստի առթիվ ոստիկանության Վաղաշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Թե՛ բենզալցակայանը և թե՛ լիցքավորման հատուկ սարքերը ամբողջովին դարձել են ոչ պիտանի: Ոստիկանությունը պարզում է Mersedes-ի վարորդի ինքնությունը: