ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. «ՍՕՍ մանկական գյուղի» «Իջևան» մասնաճյուղում սեռական ոտնձգություններ են կատարվել Իջևան քաղաքի երկու անչափահասների նկատմամբ։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի երկու անչափահաս աշակերտների նկատմամբ անառակաբարո գործություններ կատարելու դեպքի առթիվ:
«Տվյալներ են ձեռք բերվել, որ «ՍՕՍ մանկական գյուղ» հայկական բարեգործական հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի սարքավորումների և կառույցների սպասարկումն իրականացնող վարպետը, որն իր արհեստանոցում երեխաներին սովորեցրել է գործնական հմտություններ, հերթական պարապմունքի ժամանակ անառակաբարո գործողություններ է իրականացրել Իջևան քաղաքի երկու անչափահասների նկատմամբ։
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են հանցագործության հատկանիշներ, ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով» »,-ասաց Արևիկ Խաչատրյանը։
Նախաքննությունն հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային վարչությանը: