ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Գյուղատնտեսության նախարարությունն այսօր հայտարարեց լոլիկի մթերման մեկնարկի մասին։
Պաշտոնական հայտարարության մեջ մթերման գների մասին տեղեկություն չի ներկայացվում, ուստի Sputnik Արմենիան փորձեց հենց մթերողներից ճշտել դրանք։
Արարատի մարզի Արալեզ համայնքում գտնվող «Աքուիլա» ՍՊԸ-ից մեզ հայտնեցին, որ լոլիկի մթերումը սկսել են հուլիսի 23-ից` 1 կգ-ը 38 դրամ արժեքով։
«Արտաշատի պահածոների գործարանից» հայտնեցին, որ մթերումը սկսելու են օգոստոսի 1-ից։ Մինչ այդ դեռ վերջնական որոշում գնի վերաբերյալ չեն կայացրել։ «Շուկայի ուսումնասիրությունը դեռ չի ավարտվել։ Վաղը վերջնական կհայտարարենք»,– ասացին գործարանից` հավելելով, որ ամեն դեպքում գները 40 դրամից պակաս չեն լինելու։ Այդպես է նախատեսված անցյալ տարի կնքված պայմանագրերով։
Իսկ միջինապտուղ և մանրապտուղ տեսակների համար նախնական 70 և 120 դրամ գին է սահմանված։ Այս տեսակները, մեր զրուցակցի խոսքով, օգտագործվում են մարինադների, ախորժակների պատրաստման համար։
«Նոյան» հյութերի արտադրող Արմավիրի մարզի «Եվրոթերմ» ՓԲԸ–ն, որտեղ մթերումը կմեկնարկի օգոստոսի 15-ից 1 կգ–ը կմթերի 30 դրամով։
Արմավիրի մարզի «ՄԱՊ» ՓԲԸ–ն ևս մթերման գինը կհայտարարի` մթերումը սկսելու օրը` օգոստոսի 10–ին։
«Ագրարագյուղացիական միության» նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով` վերջին 10 տարում Հայաստանում մթերման գինը չի փոխվել, հետևաբար, գյուղացին մթերման համար լոլիկ այլևս չի աճեցնում։
«Եթե դոլարի կուրսով հաշվենք, դոլարի գինը 380-400 դրամ էր ու 1 կգ–ը 30-40 դրամով էր մթերվում, այսօրվա դոլարի գնի հետ այդ գինն ուղղակի անհամատեղելի է, որովհետև դիզվառելիքը թանկացել է, բենզինը թանկացել է, գյուղարտադրանքի ինքնարժեքն ավելացել է, և, բնականաբար, այդ գինն այսօր գյուղացուն ձեռք չի տալիս»,– ասաց նա։
Եթե գործարաններում լոլիկի մթերման գինը 30-40 դրամի միջակայքում է, ապա մանրածախ վաճառակետերում լոլիկի 1 կգ–ը 250-350 դրամով է վաճառվում։ Սա, ըստ Բերբերյանի, արդեն իսկ վկայում է, որ հայ գյուղացին գերադասում է իր բերքը վաճառել վերավաճառողներին, բայց ոչ մթերողներին։
«Գյուղացին այդ քանակությամբ լոլիկ չի դրել, որ գյուղնախարարությունն էլ հայտարարություններ է անում դատարկ–դատարկ։ Այն ցուցանիշները, որ մենք ունեինք ժամանակին, այսօր չկան»,– ասաց նա։
Փոխարենը` Հրաչ Բերբերյանը նշում է, որ կան Իրանից, Թուրքիայից, Չինաստանից մեծ քանակությամբ տոմատի մածուկ ներկրողներ, և չի բացառում, որ հայկական արտադրության պահածոների բանկաներում հայտնվում է հենց այդ մածուկը։
«Այստեղ էլ պետք է կառավարությունն ուշադիր լինի, որ մենք կարողանանք հասկանալ` այդ ներկրված տոմատի մածուկն ինչ են արել` արդյո՞ք փաթեթավորել են հայկականի անվան տակ և վաճառել»,– ասում է Բերբերյանը։
Նրա խոսքով` արտասահմանից ներկրած մածուկը հայկական արտադրության անվան տակ վաճառելուց զատ, մթերող գործարանները դրանով նաև ցույց կտան, որ լոլիկ են մթերել, կստանան գյուղատնտեսության համար նախատեսված էժան վարկերն ու գյուղացու անվան տակ կօգտվեն պետության բարիքներից։


