ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում առայժմ պաշտոնական տեղեկություն չունեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ներկայացրած մեղադրանքի վերաբերյալ։ Այս մասին այսօր ՌԻԱ Նովոստիին է ասել կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Նա հուլիսին մեկնել է Հայաստան` 2008թ-ի մարտի 1-2-ի գործով որպես վկա ցուցմունք տալու համար։ ՀԱՊԿ քարտուղարությունն այլ տեղեկություն չունի», — ասել է Զայնետդինովը։
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: